«Խնդրում եմ՝ գոնե Դուք նման պատրվակներ մի բերեք․ դա սոցհարցերի նախարարությունը կարող է բերել՝ շրջանառելով նախագիծ և առաջարկելով «car seat»-ի աջակցման ծրագիր անել, քանի որ աղքատությունը բարձր է»,- ասել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանին ուղղված հարցում։ Պատգամավորը կարևորել է երեխաներին տեղափոխելիս մանկական նստատեղերի՝ car seat-երի առկայությունը մեքենաներում։
«Բա ամրագոտինե՞րը․ դրանք էլ հո գործարանայի՞ն են, դրանք էլ հո պետք չի առնել, պետք է ուղղակի կապել»,- ասել է նա՝ հարցնելով․ «Այստեղ ներկաներից քանի՞ հոգի է, որ չի պահպանում կանոնը՝ առջևում կամ ետևը նստելուց, որովհետև կանոնը նաև ետևի նստատեղերին նստողների համար է։ Բայց գոնե՝ դիմացը նստելուց։ Քանի՞ պաշտոնյայի վարորդ է, որ չի պահպանում անվտանգության Կանոնը՝ ամրագոտի կապելով։ Օրինակ, Ձեր վարորդը, տիկին Սարգսյան, որն առաջ իմ վարորդն էր, կապո՞ւմ է ամրագոտի»։
Նա կոչ է արել նախազգուշացնել, որ ամրագոտի չկապելու համար կսկսեն տուգանել, և անցնել գործի․ «Ես մի տարի է՝ ասում եմ․ եկեք այդ օրը սահմանենք, գնանք առաջ, ՆԳՆ-ն ասում է՝ այսքան ակտ ենք կազմել։ Լավ, որ կազմել եք, ինչո՞ւ է ամեն երկրորդ վարորդը չամրակապված։ Ինչո՞ւ»։
Փոխնախարարը նշել է, որ առաջիկայում հայտարարություն կանեն և իրենց գործելակերպը օրենսդրությանը համապատասխանեցնելու ժամկետ կտան վարորդներին։