Հասարակություն

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. 2 վիրավորներից մեկը հղի կին է

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18:50-ի սահմաններում Առինջ գյուղից դեպի Ձորաղբյուր տանող ճանապարհահատվածում՝ «Խնոցի» ռեստորանային համալիրի հարևանությամբ՝ կամրջի վրա, բախվել են «Hyundai Elantra» և «BMW» մակնիշի ավտոմեքենաները, գրում է Shamshyan.com-ը։

։Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկը հղի կին է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկները և ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատի և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 4 փրկարարական ջոկատի փրկարարները։

Հրշեջ-փրկարարները այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականներն ու սահմանազատել են տարածքը։

Բախման հետևանքով «Hyundai»-ն հայտնվել էր կամրջի բետոնե պաշտպանիչ հատվածի վրա, իսկ «BMW»-ն մասամբ փակել էր երթևեկելի գոտին։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։