Հասարակություն

Պատերազմի մասնակիցների դիմանկարները ներկած 62-ամյա կինն ազատ է արձակվել

Երևանի Պուշկինի փողոցի շենքերից մեկին պատկերված 44-օրյա պատերազմի մասնակիցների դիմանկարները և հարակից գրառումները ներկելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալված 62-ամյա կնոջ նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով, հայտնում է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։ 

«Վերջինս ընդունել է մեղադրանքը, հայտարարել, որ զղջում է կատարվածի համար։ Վարույթն իրականացնող մարմնի կողմից նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը, և անձն ազատ է արձակվել արգելանքից։ Նախաքննությունը շարունակվում է»,- տեղեկացնում է խոսնակը։

Հիշեցնենք՝ ԶԼՄ-ներում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է մի կին ներկում Երևանի Պուշկինի փողոցի շենքերից մեկին պատկերված 44-օրյա պատերազմի մասնակիցների դիմանկարները: