Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։45-ի սահմաններում Երևանի բնակիչ 24-ամյա Էլեն Իսրայելյանը «BMW» մակնիշի ավտոմեքենայով Մազմանյան փողոցի շրջանաձև` ժողովրդին հայտնի 15 կվարտալի խաչմերուկի մոտ բախվել է բազալտե եզրաքարերին, անցել շրջանաձև հատվածի կանաչ զանգվածի վրայով, բախվել երկաթե էլեկտրասյանը և հայտնվել երթևեկելի գոտում, գրում է Shamshyan.com-ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Է․ Իսրայելյանն ու Երևանի բնակիչ 37-ամյա Արսեն Խաչատրյանը, որոնցից Է․ Իսրայելյանը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները և Երևանի 1-03 շտապ օգնության բժիշկների հերթապահ խումբը։ Վիրավորներից Է․ Իսրայելյանին օպերատիվորեն ժամանած ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարկներ Արթուր Հակոբյանը, Գոհար Պետրոսյանն ու Լևոն Սադաֆյանը հայտնաբերել են մետաղե ջարդոնի վերածված ավտոմեքենայից դուրս՝ անգիտակից վիճակում, ապա պատգարակով քաղաքացիների և բժիշկների օգնությամբ նրան մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։