Հասարակություն

Քննարկվել են ճանապարհների ձմեռային սպասարկման աշխատանքները

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանը և Ճանապարհների պահպանման և շահագործման բաժնի պետ Գոռ Մարգարյանն այսօր Արմավիրի մարզպետարանում հանդիպել են 5 մարզերի (Արարատ, Արմավիր, Լոռի, Արագածոտն, Շիրակ) տարբեր տարածաշրջանների միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները սպասարկող 19 կազմակերպությունների ղեկավարների հետ։

Ինչպես հայտնել են Ճանապարհային դեպարտամենտից, քննարկվել են ճանապարհների ընթացիկ պահպանման և մասնավորապես, ձմեռային սպասարկման աշխատանքների հետ կապված հարցեր։ Սպասարկող ընկերությունները ներկայացրել են տվյալներ՝ ձմեռային պահպանման աշխատանքներին ընդառաջ կուտակած աղ-ավազի ծավալների, ձյուն մաքրող մասնագիտացված տեխնիկայի վերաբերյալ։ Քննարկման մասնակիցներն անդրադարձել են աշխատանքի ընթացքում առաջացող մի շարք խնդիրների։ Ծավալվել է շահագրգիռ քննարկում՝ դրանց լուծում տալու նպատակով։

Արմեն Զոհրաբյանը, լսելով սպասարկող ընկերությունների ներկայացրած խնդիրները, նշել է, որ համատեղ աշխատանքով պետք է արվի հնարավորը՝ առկա խնդիրները լուծելու համար։ Նա նաև շեշտել է, որ սպասարկման աշխատանքները կատարելիս պետք է խստորեն հետևել ՀՀ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման մակարդակների գնահատման ու կատարված աշխատանքների ընդունման կարգը սահմանող կառավարության N 1419-Ն որոշման պահանջներին։

Հանդիպումից հետո Ճանապարհային դեպարտամենտի ղեկավարն այցելել է Արմավիրի մարզի միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները սպասարկող ընկերությունների բազաներ, հետևել աղ-ավազի պաշարների կուտակման գործընթացին, պահանջվող մեքենա-մեխանիզմների տեխնիկական վիճակին։ Տրվել են հանձնարարականներ՝ սեղմ ժամկետում առկա խնդիրներն ու թերացումները շտկելու համար։