Հասարակություն

Խաչատրյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի հետ ձևավորված բազմաոլորտ համագործակցությունը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հարավային Կովկասում Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Ֆանի Դելպեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին և Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

Ողջունելով հյուրերին՝ Տիգրան Խաչատրյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի հետ ձևավորված բազմաոլորտ համագործակցությունը՝ հատուկ ընդգծելով այդ ուղղությամբ Զարգացման ֆրանսիական գործակալության կարևոր դերակատարությունը՝ ինչպես ոլորտային բարեփոխումների, այնպես էլ համատեղ իրականացվող առանձին ծրագրերի շրջանակներում:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի՝ կարևորելով ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման և արդի ոռոգման համակարգերի ձևավորման ուղղությամբ համագործակցության շարունակականությունը։ Այս համատեքստում հատուկ ընդգծվել է Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգերի շինարարական աշխատանքների պատշաճ և ժամանակին իրականացմանն ուղղված հետևողական քայլերի կարևորությունը։

Հանդիպման ավարտին զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ԶՖԳ հետ հնարավոր համագործակցության նոր ուղղությունների վերաբերյալ։