Հասարակություն

Ավտովթարի հետևանքով մեքենան ընկել է Արփա գետը․ կա 6 տուժած

Հոկտեմբերի 24-ին, ժամը 15:55-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորավանք վանական համալիր տանող ճանապարհի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 110-րդ կմ-ին բախվել են Toyota (վարորդ՝ Կ. Զ., ծնված 1970 թ.) և Nissan (վարորդ՝ Հ. Ա., ծնված 1966 թ.) մակնիշների ավտոմեքենաները. վերջինս հայտնվել է Արփա գետում:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Toyota մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ Է. Մ-ն (ծնված 2017 թ.), Խ. Գ.-ն (ծնված 2004 թ.), Գ. Մ.-ն (ծնված 1975 թ.), Ա. Դ.-ն (ծնված 1995 թ.) և Ա. Ա.-ն (ծնված 2000 թ.) ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են Toyota մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։ Հատուկ տեխնիկայի օգնությամբ Nissan մակնիշի ավտոմեքենան դուրս է բերվել գետից: