Հասարակություն

Կրծքագեղձի քաղցկեղը 4-րդ փուլում Հայաստանում հայտնաբերվում է 15 տոկոս դեպքերում

Կրծքագեղձի քաղցկեղը 4-րդ փուլում Հայաստանում հիմա հայտնաբերվում է միայն 15 տոկոս դեպքերում, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ 

Նրա խոսքով՝ 5 տարի առաջ վերջին` 4-րդ փուլում այս հիվանդությունը հայտնաբերվում էր 35 տոկոս դեպքերում:

«Կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգային հետազոտությունների անվճար ծրագիրը շարունակվում է: Շուրջ 30․000 կին ԱՆ պատվերով 2021թ. հունվարից մինչև օրս շարժական մամոգրաֆի միջոցով արդեն անվճար հետազոտել է: Հայտնաբերված դեպքերի հետագա բուժումը ևս կազմակերպվել է պետության աջակցությամբ:

Այս պահին շարժական մամոգրաֆը Գեղարքունիքի մարզում է։ Մինչև հոկտեմբերի վերջ մամոգրաֆի տեղակայման վայրերն են լինելու Վարդենիս, Մարտունի, Գավառ, Ճամբարակ և Սևան քաղաքները։
Պետական ծրագրի շրջանակներում թանկարժեք դեղեր նույնպես ԱՆՎՃԱՐ հասանելի են քաղցկեղի I-III փուլերի ախտորոշում ունեցող բոլոր կանանց»,- նշել է նախարարը: