Մեկնարկել է «ՌեԱ» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի 16-րդ միջազգային փառատոնի միջոցառումների շարքը։ Անիմացիոն մեծ ու հետաքրքիր ֆիլմաշար, աշխատարաններ ու վարպետաց դասեր, ցուցադրություններ և շնորհանդեսներ, նոր ու բացառիկ հնարավորություններ հայ անիմատորների և ոլորտի մասնագետների համար. «ՌեԱ» փառատոնը մեկ շաբաթ շարունակ կլինի երևանյան անիմացիոն կինոյի ոլորտի անցուդարձի կիզակետում։
«ՌեԱ» փառատոնի հանդիսավոր բացման արարողությանը հաջորդիվ հոկտեմբերի 21-ին ՀԲԸՄ Հայաստանյան գրասենյակում տրվեց փառատոնի կարևորագույն բաղադրիչներից MarAni անիմացիոն շուկայի մեկնարկը։ Արտադրական հարթակի շրջանակում տեղի ունեցավ պրոդյուսեր, իսպանական NEXT Lab Generation-ի ղեկավար Խոսե Լուիս Ֆարիասի հանրային զրույցը՝ «Հեղափոխական տեխնոլոգիաներ անիմացիայի ոլորտում» խորագրով։ «Անիմացիոն ֆիլմերի արտադրություն․ Tchack» թեմայով զրույցով ելույթ ունեցավ նաև Tchak Production-ի գեղարվեստական տնօրեն Լուչիանո Լեպինայը։
MarAni անիմացիոն շուկան նաև ներառում է աշխատարաններ և վարպետաց դասեր՝ միջազգային հյուրերի մասնակցությամբ: Անիմացիոն շուկայի բաղադրիչներից է նաև CoReAct համարտադրության հարթակը։ Այն բացառիկ հնարավորություն է ոլորտի հայ ստեղծագործողների համար`, միջազգային պրոդյուսերներին ներկայացնելու իրենց ծրագրերն ու համարտադրության հնարավորություն ստանալ։ Այս տարի 17 նախագծեր կներկայացվեն շուրջ 13 արտասահմանյան մասնագետների, պրոդյուսերների, որոնք տարբեր հեղինակավոր ընկերություններից, օրինակ`Եվրիմաժ, Cartoon media, «Անսի» միջազգային կինոփառատոնի անիմացիոն շուկա, France TV և այլն։
MarAni հարթակի շրջանակում ևս 3 օր շարունակ կինոպրոֆեսիոնալները ոլորտի ստեղծագործողներին ու մասնագետներին մեկ քայլ ավելի մոտ կդարձնեն անիմացիայի ստեղծմանն ու արտադրությունը: Հարթակը կհյուրընկալի միջազգային հյուրերի՝ Ֆրանսիայից, Իսպանիայից և եվրոպական այլ երկրներից, ովքեր կխոսեն անիմացիայում AI, VR և այլ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումից, կկիսվեն իրենց մասնագիտական կարևոր գաղտնիքներով ու գիտելիքներով։
MarAni անիմացիոն շուկայի ծրագիրը հասանելի է հետևյալ հղումով։
Մասնակցության համար խնդրում ենք գրանցվել՝ լրացնելով հղումը: