Հասարակություն

Թեկնածուներին մանդատից հրաժարվելուն հարկադրելը կքրեականացվի

ՀՀ արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանն ԱԺ-ում ներկայացրել է Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը։

Ըստ այդմ, նախատեսվում է՝ ընտրական իրավունքն իրենց հաշվառման վայրում իրականացնելու անհնարինության դեպքում տեղամասը փոխել էլեկտրոնային դիմումի միջովով, և էլեկտրոնային ծանուցումով նոր տեղամասում քվեարկել առանց թղթային տեղեկանքի:

Առաջարկվել է քրեականացնել ընտրություններին մասնակցող թեկնածուներին ինքնաբացարկ ներկայացնելուն կամ մանդատից հրաժարվելուն հարկադրելը:

Կմիասնականացվեն հերթական և արտահերթ ընտրությունների ժամկետները՝ ընտրական գործընթացներն ավելի պատշաճ կազմակերպելու համար: Քվեարկության արդյունքների վերահաշվարկման ժամանակ առաջնահերթություն է տրվելու թեկնածուների, վստահված անձանց, ընտրական հանձնաժողովի անդամների դիմումներին, և առաջին հերթին կվերահաշվարկվեն այն ընտրական տեղամասերի արդյունքները, որոնց վերաբերյալ ներկայացվել է վերահաշվարկի դիմում:

«Ընդլայնվում է դիտորդական առաքելություն իրականացնելու սուբյեկտների շրջանակը: Այսուհետ հիմնադրամները ևս կարող են հավատարմագրվել: Կարգավորվում է քարոզչական նյութերի փակցման հարցը, որպեսզի մեր քաղաքացիների ապրելու միջավայրը, փողոցները, բազմաբնակարան շենքերը, պատշգամբները չլցվեն քարոզչական պաստառներով»,- ասել է Արմենուհի Հարությունյանը:

Ընտրատարածքային, ընտրական հանձնաժողովների անդամների համար սահմանվելու է ամենամյա ատեստավորման պահանջ՝ ընտրական գործընթացներն առավել մասնագիտացված և պրոֆեսիոնալ կազմակերպելու համար:

Հստակեցվում է, թե ինչ է տեղի ունենում ընտրությունների հետ արտակարգ կամ ռազմական դրություն հայտարարելու դեպքում: Ներկայում գործող օրենքներով արգելվում է ընտրությունների նշանակումն ու անցկացումը ռազմական և արտակարգ դրության պայմաններում: «Հնարավորություն տալու հարց է առաջացել՝ հաշվի նստելով նոր իրողությունների հետ: Մյուս բոլոր դեպքերում ընտրական գործընթացը կկասեցվի և կշարունակվի այն պահից, որտեղ կանգ է առել որոշակի բացառություններով»,- մանրամասնել է  փոխնախարարը: Վարչական պատասխանատվություն կնախատեսվի թեկնածուի կողմից գույքի և եկամուտների մասին հայտարարագիրը սահմանված ժամկետում չներկայացնելու, սահմանված կարգի խախտմամբ կամ չթույլատրված վայրում քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր փակցնելու համար: