Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է «Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների գաղտնիքներն ու ապագա հաջողությունները» խորագրով 22-րդ կոնֆերանսին:
«Այն բոլոր բարեփոխումները, որ մենք իրականացնում ենք, հնարավորություն է ընձեռում կանանց մայր դառնալու, վերագտնելու իրենց առողջությունը, ինչպես նաև ապահովելու բոլոր հնարավորությունները` նպաստելու մեր երկրում ժողովրդագրական դրական տեղաշարժին»,- ողջունելով կոնֆերանսի մասնակիցներին` նշել է նախարարը:
Գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ անպտղության հաղթահարման ծրագրի շրջանակներում պետությունը տարեցտարի ընդլայնում է ծառայությունների շրջանակն ու շահառուների թիվը և այս հնարավորությունը փոխում է և՛ ծնողների, և՛ հարազատների, և՛ նաև համայնքի կյանքն ու ստեղծում նոր` ապրեցնող մթնոլորտ:
Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի և ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի կողմից կազմակերպված կոնֆերանսին զեկույցներով հանդես են եկել Ֆրանսիայում առաջին անգամ արտամարմնային բեղմնավորում իրականացրած պրոֆեսոր Ռենե Ֆրիդմանը, պրոֆեսոր Զիոն Բեն Ռաֆայելը (Իսրայել), բրիտանացի գիտնական Ռամի Վակիմը, իրենց խոսքում ընդգծել Հայաստանում այս ոլորտի տեսանելի ձեռքբերումները:
Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ Էդուարդ Համբարձումյանի խոսքով` Հայաստանի օրենսդրական դաշտը լավագույն պայմաններն է ապահովում օժանդակ տեխնոլոգիաններով վերարտադրողական բժշկության զարգացման համար: Իսկ բարեփոխման արդյունքներին իրենք գործնականում ամեն օր են առնչվում:
Անպտղության հաղթահարման ծրագրի ընդլայնման արդյունքում` շուրջ 50 տոկոսով ավելացել է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների միջոցով անպտղությունը հաղթահարած կանանց թիվը: