Հասարակություն

Պետությանը պատճառված շուրջ 160 մլն դրամ վնասը վերականգնվել է

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության հինգերորդ վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են խճի և ավազի արդյունահանմամբ զբաղվող ՍՊ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի մի շարք հանգամանքներ։

ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է հանցագործության մեխանիզմը, ինչպես նաև՝ պետությանը պատճառված վնասի չափը:

Մասնավորապես՝ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ընկերության կողմից թերհայտարարագրվել է իրացման շրջանառությունը, հարկային մարմին ներկայացված հաշվարկ-հաշվետվություններում մտցվել են շրջանառության իրական ծավալներին չհամապատասխող խեղաթյուրված տվյալներ:

Ըստ նախաքննությամբ ձեռք բերված տվյալների՝ ՍՊ ընկերության անօրինական գործողությունների արդյունքում պետությանը պատճառված վնասը կազմել է 157.904.403 ՀՀ դրամ: Նախաքննության ընթացքում ընկերության կողմից պետական բյուջե է վերականգնվել ընդհանուր 159.246.151 ՀՀ դրամի չափով գումար։