Հասարակություն

«Նախատեսվում է ստեղծել զբոսաշրջային 7 կլաստեր»․ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 19-ին այցելել է Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաք, որտեղ մասնակցել է Տուրիզմի Հայկական Ֆեդերացիայի 2024֊2029 թվականների ռազմավարության ներկայացմանը։ Միջոցառմանը ներկա են եղել նաև Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը, Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանը, ինչպես նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության ներկայացուցիչներ։

Միջոցառման ընթացքում ներկայացվել է ֆեդերացիայի ռազմավարությունը առաջիկա տարիների համար, նրանց տեսլականը, հետագա քայլերն ու գործողությունները։ Քննարկման ընթացքում ընգծվել է, որ Ջերմուկը Հայաստանի կարևորագույն զբոսաշրջային վայրերից մեկն է, և պետք է քայլեր ձեռնարկվեն քաղաքի ճանաչելիության և գրավչության բարձրացման ուղղությամբ, որպեսզի հնարավորինս ավելի շատ զբոսաշրջիկներ կարողանան գալ Հայաստան և ծանոթանան Հայաստանի տեսարժան վայրերին և ներուժին։

Նախարար Գևորգ Պապոյանը հանդես է եկել ելույթով, ներկայացրել Հայաստանում զբոսաշրջության ոլորտի օրենսդրական փոփոխությունները։ Նախարարը նաև նշել է, որ պետությունը խոշոր ներդրումներ է իրականացնում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ, և առաջիկայում նախատեսվում է ստեղծել զբոսաշրջային 7 կլաստեր, որոնցից երեքը Վայոց ձորի մարզում են տեղակայվելու՝ Ջերմուկ քաղաքում, Եղեգիս և Արենի համայնքներում։

Քննարկվել են Հայաստանի զբոսաշրջության ռազմավարության բրենդինգին, ներքին և ներգնա զբոսաշրջության զարգացմանը, օտարերկրյա պետությունների, տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությանը, զբոսաշրջային ծառայությունների որակի բարելավմանը վերաբերող հարցեր։ Նախարարը պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին, լսել նրանց առաջարկները։