Հասարակություն

Վերապատրաստման դասընթացներ՝ Սյունիքի և Շիրակի հրշեջ-փրկարարական ջոկատներում

Հոկտեմբերի 7-ից 16-ը ՆԳՆ ՓԾ բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի մասնագետները Սյունիքի և Շիրակի մարզերում կազմակերպել և անց են կացրել «Ճառագայթային, քիմիական, կենսաբանական բնույթի դեպքերին առաջին արձագանքողների համար» մասնագիտական վերապատրաստման դասընթացներ, որոնց մասնակցել են Կապանի և Գյումրու հրշեջ-փրկարարական ջոկատների ծառայողներից կազմավորված ճառագայթային, քիմիական, կենսաբանական բնույթի դեպքերին արձագանքող թիմերի 34 մասնակիցներ։

Դասընթացներն անցկացվել են տեսական և գործնական փուլերով՝ նպատակ ունենալով բարձրացնել առաջին արձագանքող ստորաբաժանումների կարողությունները, գործնական հմտությունները և անվտանգությունն արտակարգ իրավիճակներում։

Վերապատրաստման տեսական փուլում մասնագետները ներկայացրել են «Ռադիոակտիվ նյութերի վերաբերյալ» ներածական դասընթաց, «Անհատական պաշտպանության միջոցների տեսակները, կիրառումը, մեթոդները», «Վարակազերծման եղանակները և տեխնոլոգիան» թեմաներով դասընթացներ։
Դասընթացների երկրորդ հատվածը նվիրված էր գործնական ուսումնառությանը, որտեղ մասնակիցները կարողացել են կիրառել տեսական գիտելիքները՝ իրականացնելով սիմուլյացիոն վարժություններ, որոնք մոդելավորել են ճառագայթային, քիմիական և կենսաբանական արտակարգ իրավիճակները։ Գործնական պարապմունքի ընթացքում ուսուցանվողներն իրականացրել են ճառագայթային, քիմիական, կենսաբանական հետախուզություն, նմուշառում, ինչպես նաև վարակազերման գործընթաց՝ հատուկ համազգեստների և տեխնիկայի կիրառմամբ։

Առաջիկայում նախատեսվում են նմանատիպ վերապատրաստումներ կազմակերպել նաև Լոռու և Տավուշի մարզերի ՄՓՎ հրշեջ-փրկարարական ջոկատներում, ինչը կնպաստի արտակարգ իրավիճակներում առաջին արձագանքող ստորաբաժանումների գործնական կարողությունների և մասնագիտական գիտելիքների շարունակական զարգացմանը, ինչպես նաև հանրային անվտանգության բարձրացմանը ՀՀ տարածքում։

Նմանատիպ միջոցառումները մշտապես գտնվում են ՆԳՆ փրկարար ծառայության ուշադրության կենտրոնում՝ արտահայտելով համակարգի հանձնառությունը բնակչության անվտանգության և պաշտպանության մակարդակի բարձրացման գործում: