Հասարակություն

«Մեղադրանքը չափազանց լուրջ է». ԿԳՄՍ նախարար

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է Երևանի Ջոն Կիրակոսյանի անվ․ դպրոցում սեռական ոտնձգության մեղադրանքով ուսուցչի ձերբակալությանը։

Նա նշել է, որ ԿԳՄՍ նախարարությունը դիմել է իրավապահ մարմիններին՝ որոշակի տեղեկատվություն ստանալու համար։ Ըստ Անդրեասյանի՝ ահազանգեր են ստացել, որ հատուկ գործողության ժամանակ երեխաների իրավունքների և լավագույն շահի տեսանկյունից խնդրահարույց իրավիճակ է ստեղծվել․

«Հիմա սպասում ենք իրավապահների արձագանքին, որ հասկանանք ամբողջական պատկերը: Ես նաև խոսել եմ իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ և առաջարկել՝ միասին հասկանալ ընթացակարգերը և անհրաժեշտ աջակցություն ու խորհրդատվություն տանք, թե երեխաների ներկայությամբ ինչպես պետք է իրականացվեն որոշ գործողություններ»,- ասել է նախարարը:

Անդրեասյանը շեշտել է, որ բոլորը հասկանում են՝ իրավապահ մարմիններն առաջին հերթին պետք է կարողանան գործել, որովհետև առաջադրված մեղադրանքը չափազանց լուրջ է. «Մենք ինքներս ամեն կերպ պետք է աջակցենք, որ դպրոցներում նման խնդիրները բացահայտվեն․ բոլորս էլ հասկանում ենք, որ իրականում մարդիկ գրեթե չեն խոսում նման խնդիրներից կամ երբեմն խոսում են ու մնում չլսված: Հետևաբար, որպես նախարարություն, մենք առանձնահատուկ կարևորություն ենք տալիս, որ մեր դպրոցներում նմանատիպ բոլոր իրավիճակները կանխարգելվեն, բայց եթե կան էլ, ապա բացահայտվեն և մինչև վերջ օրենքով բոլոր քայլերն արվեն»,- ասել է նա՝ հավելելով, որ սա չի նշանակում, թե երեխաների միջավայրում չպետք է հաշվի առնել՝ ինչպես է պետք կազմակերպել անհրաժեշտ որևէ գործողություն։