ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է ««Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։
Օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է ծառայության պետին և պետի ոչ զինվորական տեղակալներին վերապահել ֆիզիկական ուժ գործադրելու, հատուկ միջոցներ և զենք կրելու, պահելու և կիրառելու լիազորություն. ասել է ՀՀ պետական պահպանության ծառայության պետի տեղակալ Գրիգորի Առաքելյանը:
Ներկայացնելով օրենսդրական փաթեթով ներկայացված լրացումներն ու փոփոխությունները՝ հիմնական զեկուցողը նշել է, որ օրինագծի մշակումը պայմանավորված է ինչպես ԱԱԾ-ից ՊՊԾ-ի առանձնացման հետևանքով մի շարք օրենքներում տեխնիկական բնույթի լրացումներ կատարելու, այնպես էլ որոշ իրավահարաբերությունների վերանայման անհրաժեշտությամբ:
Օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն: