Հասարակություն

Հաստատվեց ժողովրդագրական իրավիճակի բարելավման ռազմավարությունը

Կառավարությունը հաստատել է ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040թթ․ ռազմավարությունը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը տեղեկացրել է, որ մշակվել է 190 միջոցառում. «Ռազմավարությունը մեծապես կնպաստի Հայաստանի ժողովրդագրական հիմնախնդիրների հասցեագրման ու ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը՝ հանգեցնելով այնպիսի կարևորագույն արդյունքների, ինչպիսիք են մարդկային կապիտալի զարգացումը, կյանքի որակի բարձրացումը, տնտեսական և հնարական աճը։ Ռազմավարության իրականացման համար նախանշված ֆինանսական միջոցները այս համատեքստում դիտարկվել են ոչ թե որպես ծախսեր, այլ իբրև ներդրումներ մարդկային կապիտալում»։

Նա թվարկել է նաև ռազմավարության հիմնական նպատակները. «Առաջինը ընտանիքի բարեկեցության միջավայրի ստեղծումն է, որտեղ ընտանիքները ավելի ճկուն են լինում երեխա ունենալու որոշում կայացնելու հարցում։ Երկրորդը վաղաժամ մահերի կանխման համակարգն է։

Մյուսը, քանի որ համաշխարհային միտում է, հասարակությունները գնում են դեպի ծերացման, նաև մենք ենք այս մարտահրավերի առաջ կանգնած, հետևաբար, որոշել ենք, որ պետք է մեր մյուս ռազմավարական նպատակը լինի ակտիվ ծերության ծրագրերի իրականացումը։ Մյուսը միգրացիայի կառավարման քաղաքականություններն են, մի կողմից՝ արտագաղթի գործոնների նվազեցում, մյուս կողմից՝ այնպիսի միջավայրի ստեղծում, երբ տարբեր երկրների ոչ հայ քաղաքացիները որոշում կայացնեն տեղափոխվել և ապրել Հայաստանում»։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ շեշտել է. «Ժողովրդագրության ֆունդամենտալ հարցը հետևյալն է՝ քաղաքացին այս երկրում ապագա տեսնում է, թե չէ։ Եթե սոցիալ-հոգեբանական մակարդակում մարդը ապագա չի տեսնում, ինչ ռազմավարություն ուզում եք ընդունեք, ինչ փող ուզում եք՝ ծախսեք։ Հնարավոր չէ։ Մարդը պետք է ֆունդամենտալ առումով տեսնի, որ երկրում կա ապագա, ինքը, իր երեխաները, թոռները կարող են այստեղ ապրել, կրթություն ստանալ, լինեն բարեկեցիկ, ազատ և ստեղծագործական հաճույք ստանան կյանքից, աշխատանքից ու ՀՀ քաղաքացի լինելուց»։