Հասարակություն

Անահիտ Ավանեսյանը հանդիպել է ԵՄ երկրների դեսպանների հետ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Եվրամիության (ԵՄ) երկրների դեսպանների հետ և ներկայացրել առողջապահության ոլորտում ընթացիկ բարեփոխումները, Եվրամիության հետ իրականացվող և ընթացիկ ծրագրերը:

Հանդիպմանը նախարար Ավանեսյանն անդրադարձել է առողջության առաջնային պահպանման օղակի հզորացմանը, շտապօգնության ծառայության բարելավմանը և արդիականացմանը, Էլեկտրոնային առողջապահությանը, բժշկական ծառայությունների որակի բարելավմանը միտված ընթացիկ աշխատանքներին` որպես առողջության համապարփակ ծածկույթի բաղադրիչներ, հայտնում են Առողջապահության նախարարությունից։

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև բուժանձնակազմի կրթական վերապատրաստումներին և բուժաշխատողների լիցենզավորմանն առնչվող գործընթացին:

Ոլորտային շինարարական ծրագրերի մասին խոսելիս նախարարը դեսպաններին հայտնեց նոր ամբուլատորիաների կառուցման համար տենդերային նախագծի մասին:

Անահիտ Ավանեսյանը անդրադարձել է նաև ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) շրջանակում իրականացվող ծրագրերին, այդ թվում` վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը և խմելու ջրի որակի ստանդարտացմանն ուղղված, ինչպես նաև առողջության համապարփակ ապահովագրության ծրագրի շրջանակում նախատեսվող ԵՄ Թվիննինգ ծրագրին:

Ոլորտային բարեփոխումները և նախատեսվելիք ծրագրերը ներկայացնելուն հաջորդել է հարցուպատասխան:

Հայաստանում Եվրամիության առաքելության ղեկավար Վասիլիս Մարագոսը շնորհակալություն է հայտնել նախարարին ոլորտի բարեփոխումների և կարիքների ներկայացման համար` շեշտելով առողջապահության ոլորտի հզորացմանը միտված համատեղ աշխատանքների կարևորությունը և հույս հայտնել, որ ԵՄ աջակցությամբ ոլորտի շատ խնդիրներ կունենան իրենց պատասխանները: