Հասարակություն

Ներկայումս կառավարությունը նախաձեռնել է հողերի կոնսոլիդացիայի փորձնական ծրագիր. Սիմիդյան

«Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի կողմերի 16-րդ Կոնֆերանսին (UNCCD COP16) ընդառաջ Հայաստանի Հանրապետությունում անցկացվում է տարածաշրջանային խորհրդակցական հանդիպում։

2024 թվականի դեկտեմբերի 2-ից 13-ը Սաուդյան Արաբիայում տեղի կունենա «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի կողմերի 16-րդ Կոնֆերանսը՝ UNCCD COP16-ը։
UNCCD COP-16-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում Հայաստանը որպես տարածաշրջանային նախագահող երկիր հոկտեմբերի 15-17-ը հյուրընկալում է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների ազգային համակարգողներին և գիտական ներկայացուցիչներին` քննարկելու UNCCD COP-16-ի որոշումների նախագծերը: Միևնույն ժամանակ հանդիպումը լավ հնարավորություն է վեր հանելու անապատացման և երաշտի դեմ պայքարի շրջանակներում տարածաշրջանային առաջնահերթությունները և սահմանելու միասնական առաջարկներ UNCCD COP-16-ին ներկայացնելու համար:

Տարածաշրջանային խորհրդակցական հանդիպման մեկնարկին մասնակցել է նախարար Հակոբ Սիմիդյանը։

Ողջույնի իր խոսքում նախարարը շնորհակալություն է հայտնել գործընկերներին Կողմերի 15-րդ կոնֆերանսին Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի 5-րդ հավելվածի երկրների նախագահությունը Հայաստանին վտահելու համար և Կոնվենցիայի քարտուղարությանը՝ շարունակական համագործակցության և աջակցության համար․
«Նախագահության տարիների ընթացքում մենք պատիվ ունեցանք 2 անգամ հյուրընկալելու 15-րդ կոնֆերանսի նախագահ պարոն Դոնվահիին Երաշտի հարցերով միջկառավարական աշխատանքային խմբի գործընկերներին, քարտուղարության հետ համատեղ Երևանում կազմակերպվեց բանակցությունների վարման վերապատրաստում 18 երկրների պատվիրակների համար։

Այս միջազգային հանդիպումները լավ հնարավորություն էին միավորելու մեր գիտելիքներն ու փորձը, վերանայելու մեր մոտեցումները՝ ուղղված հողերի դեգրադացիայի չեզոքացման խնդիրների լուծմանը և հույս ունենք հետագայում ևս ակտիվորեն ներգրավված լինել կոնվենցիայի իրականացման գործունեության շրջանակներում»,-նշել է նախարարը։
Նախարար Սիմիդյանն անդրադարձել է նաև ոլորտը կարգավորելու Հայաստանի Հանրապետության քայլերին․

«Վերջին տարիներին Հայաստանի կառավարությունը զգալի փորձեր է կատարել շտկելու առկա իրավիճակը՝ ընդունելով անհրաժեշտ որոշումներ, ներգրավելով տարբեր միջազգային կազմակերպությունների օգնությունը և իրականացնելով միջազգային նախագծեր՝ խաչաձև խնդիրների վերհանման և ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության և կենսաբազմազանության կոնվենցիաների միջև սիներգիա ապահովելու համար։

Ոլորտի բարելավմանն ուղղված Կառավարությունը սուբսիդավորման ծրագրեր է իրականացնում կաթիլային ոռոգման համակարգեր ներդրողների, խելացի անասնագոմեր կառուցողների համար։ Ներկայումս կառավարությունը նախաձեռնել է հողերի կոնսոլիդացիայի փորձնական ծրագիր, ինչը հնարավորություն կտա ֆերմերներին ավելի մեծ տարածություններ օգտագործելու գյուղատնտեսական նպատակներով։ Ջրային ռեսուրսների առավել նպատակահարմար օգտագործման համար նախատեսվում է տարբեր մարզերում կառուցել ջրամբարներ։

Կառավարության և միջազգային գործընկերների համատեղ ջանքերով իրականացվող ծրագրերը մեծապես նպաստում են հողային ռեսուրսների բարելավմանը»։
Ելույթով հանդես է եկել նաև Գլոբալ քաղաքական խորհրդատվական մարմնի ղեկավար Բիրգի Լամիզանան։
Հանդիպումը վարել է «Անապատացման դեմ պայքարի» Կոնվենցիայի ազգային համակարգող, ՇՄՆ հողերի և ընդերքի քաղաքականության վարչության պետի տեղակալ Նարինե Հակոբյանը։