Հոկտեմբերի 20-26-ը Երևանում տեղի կունենա «ՌԵԱ» 16-րդ միջազգային փառատոնը, որի շրջանակներում հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու ինչպես հայրենական, այնպես էլ համաշխարհային արտադրության անիմացիոն ֆիլմեր։
Այսօր, փառատոնին ընդառաջ, Կինոյի տանը տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որտեղ բանախոսները ներկայացրին արվեստի և անիմացիոն ֆիլմերի 16-րդ փառատոնի ծրագիրը, սպասվող միջոցառումները, ֆիլմացանկը, միջազգային հյուրերին և այլն։
Փառատոնն անցկացվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, իսկ գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է։
Ասուլիսի բանախոսներն էին Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի փոխտնօրեն, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակութային կցորդ Դավիդ Տուղսը, Երևանի քաղաքապետարանի մշակույթի ու տուրիզմի վարչության պետի տեղակալ Գևորգ Սահակյանը, «Rea Fest»-ի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին, Հայաստանում ԵՄ պատվիրակության մամուլի պատասխանատու Անահիտ Ազատյանը և «Հ. Հովնանյան» ընտանեկան հիմնադրամի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը։
Ասուլիսի մեկնարկին «Rea Fest»-ի տնօրեն Վրեժ Քասունին ընդգծեց, որ փառատոնի նպատակը Հայաստանում, տարածաշրջանում և դրանից դուրս անիմացիոն ֆիլմերի, պրոդյուսերների և անիմացիոն արտիստների կենսունակ համայնքն ու գործը հանրահռչակելն է.
«Կարևոր է նշել, որ այս տարի 45 երկրից փառատոնին մասնակցելու դիմումներ ենք ստացել՝ շուրջ 500 ֆիլմով։ Մենք ընտրել ենք մոտ 300 կարճամետրաժ, ավարտական, լիամետրաժ և հեռուստատեսային ֆիլմեր․ այս մեկ շաբաթվա ընթացքում 300 անիմացիոն ֆիլմ է շրջանառվելու»,- ասաց «Rea Fest»-ի հիմնադիր տնօրենը։
Երևանի քաղաքապետարանի մշակույթի ու տուրիզմի վարչության պետի տեղակալ Գևորգ Սահակյանը նշեց, որ քաղաքապետարանն արդեն 2-րդ տարին է, որ ստանձնում է փառատոնի գլխավոր հովանավորի դերը․
«Պատկերապատումը՝ անիմացիան, կինեմատոգրաֆիայի այն ճյուղն է, որը հնարավորություն է դարձնում ստեղծել, պատկերել անիրագործելին, և սա իրապես նորարար ստեղծագործողների համար յուրօրինակ հարթակ է։ Այն ոչ միայն մշակութային բաղադրիչ ունի, այլև կրթական, ինչը մեծ հետաքրքրություն ունի Երևանի քաղաքապետարանի համար»,- ասաց Սահակյանը՝ շեշտելով, որ Երևանի քաղաքապետարանը մի շարք ծրագրեր է իրականացրել, որոնք այս առումով համահունչ են փառատոնին։
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակութային կցորդ Դավիդ Տուղսն էլ հավելեց, որ փառատոնը ոչ միայն հնարավորություն է տալիս ֆրանսիական անիմացիոն կինոն ներկայացնել Հայաստանում, այլև հնարավորություն է տալիս հայկական անիմացիոն ֆիլմերին դուրս գալ միջազգային հարթակ և ցուցադրվել Ֆրանսիայում։
Հայկ Մագոյան