Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 22-ամյա Սամվել Ե․-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցում՝ «Օսկար» հանդիսությունների սրահի դիմաց, հարվածել է նշված հասցեի մոտ կայանված, Արմավիրի մարզի բնակիչ 38-ամյա Եղիշե Բ․-ին պատկանող «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենային, ապա վրաերթի ենթարկել Եղիշե Բ․-ին և նրա հետ գտնվող՝ Արմավիրի մարզի բնակիչ 43-ամյա Արմեն Հ․-ին, գրում է Shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածներն էլ օպերատիվորեն ժամանած «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն են ստացել, ապա տեղափոխվել «Արմավիր» բժշկական կենտրոն։
Վթար-վրաերթի մասին ոստիկանության Արմավիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հրաչ Ղազարյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։