Հոկտեմբերի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանները տեղեկություններ են ստացել, որ Զովունի գյուղի սկզբնամասում՝ «Ադանա» սգո սրահի դիմացի մայթին գտնվող, ժողովրդի կողմից «Բելի դոմ» անունն ստացած շինության ներսում վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել և կա վիրավոր։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, տեղում պարեկները նշված շինության առաջին հարկում հայտնաբերել են ամբողջությամբ արյունոտված մի քաղաքացու, օգնել են նրան, ապա ժամանած շտապօգնության բժիշկների խումբը տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել վիրավորին, որից հետո նա տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Ըստ աղբյուրի՝ ոստիկանները ձերբակալել են կասկածյալներից 3-ին։ Նշվում է, որ վիրավորն ու ոստիկանություն տարված անձինք ազգությամբ հնդիկներ են, ովքեր վարձակալական հիմունքներով բնակվում են առաջին հարկում։ Միմյանց հետ վիճաբանել են, գործածել սուր կտրող գործիք։
Վիրավորը հայտնել է, որ իրեն վնասվածքներ է պատճառել իր հետ ապրող Հնդկաստանի քաղաքացիներից մեկը, իսկ 2-ն ականատես են դարձել այդ ամենին։ Ներսում արնանման հետքերի մոտ գտնվել է սրիչ, որով էլ վիրավորել են երիտասարդին։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դեպքի հանգամանքները, վիրավորի և ոստիկանության Նաիրիի բաժին տեղափոխված անձանց ինքնությունը։