Հասարակություն

Ինչպես է ծխախոտն ազդում երեխայի առողջության վրա դեռևս ներարգանդային կյանքում

Հղիների դեպքում ծխելը հանգեցնում է ընկերքի անոթների ախտահարման, ինչի հետևանքով խաթարվում է թթվածնով և սննդանյութերով պտղի սնուցումը: Առկա են նաև ազդեցության ավելի բարդ մեխանզիմներ, հայտնում են Առողջապահության նախարարությունից։

Արդյունքում ծխելը հղիության ընթացքում ազդում է պտղի տարբեր օրգանների՝ գլխուղեղի, ոսկորների, թոքերի և այլ օրգան համակարգերի զարգացման վրա:
Ծխող կամ երկրորդային ծխի զգալի ազդեցության ենթարկվող ապագա մայրիկի մոտ որոշակիորեն մեծանում է մեռալածնության, արատով կամ ցածր քաշով երեխա ծնվելու, նորածնային հասակում մահանալու ռիսկը:

Ծխախոտի ազդեցությունը մանկահասակ երեխաների վրա

Վաղ տարիքում ծխախոտը առավել ծանր և ցայտուն ազդում է երեխաների շնչառական համակարգի վրա: Այն հանգեցնում է տարբեր վիրուսներով երեխայի ավելի հաճախ հիվանդանալուն, իսկ հիվանդանալու դեպքում էլ՝ առավել ծանր ընթացքի զարգացմանը:
Երկրորդային ծուխը հանգեցնում է երեխաների մոտ կրկնվող ականջի բորբոքումների, ալերգիկ ծագման քրոնիկ հարբուխի, քրոնիկ հազի, կրկնակի բրոնխիտների, բրոնխիալ ասթմայի զարգացմանը:

Ծխելու ազդեցությունը դեռահասների վրա

Այդ տարիքում ուղեղը դեռ շարունակում է զարգանալ, այդ իսկ պատճառով ծխելը ավելի արագ նպաստում է կախվածության զարգացմանը:
Ծխող մեծահասկաների մեծ մասը ծխել սկսել է հենց այս` դեռահասային տարիքում:
Հատկապես այն դեռահասները, որոնց ծնողները կամ նրանցից մեկը ծխող է, ավելի հակված են այս վատ սովորությանը:
Էլեկտրոնային ծխախոտի ազդեցությունը դեռահասների առողջության վրա

Բազմաթիվ հետազոտություններ վկայում են, որ էլեկտրոնային ծխախոտի ազդեցությունը բացասաբար է անդրադառնում դեռահասների հոգեկան առողջության վրա. հանգեցնում է տրամադրության անկման դեպրեսիա/ընկճախտ, առաջ բերում` տագնապային խանգարումներ:

Էլեկտրոնային ծխախոտի մեջ գտնվող այնպիսի քիմիական գոյացություններ, ինչպիսին են ֆորմալդեհիդը և դիացետիլը ևս նպաստում են թոքերի քրոնիկ հիվադությունների և քաղցկեղի առաջացմանը, իսկ առկա նիկոտինը՝ կախվածության առաջացմանը:

Առողջապահության նախարարության խորհրդատու մանկաբուժության գծով
Սերգեյ Սարգսյան