Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում՝ աշխատանքային իրավունքի, սոցիալական բնակարանաշինության, սոցիալական արդարության, սոցիալական ծառայությունների թվայնացման, ինչպես նաև երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտների վերաբերյալ։
Մաքսիմ Լոնգանգեն ներկայացրել է ՀՀ-ում սոցիալական իրավունքների, ինչպես նաև երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտներում կարիքների գնահատման վերաբերյալ իրականացված ուսումնասիրության եզրակացությունները և դրանց հիման վրա մշակված խորհրդատվությունները, որին ի պատասխան նախարար Մկրտչյանը խոսել է այդ ուղղություններով արդեն իսկ իրականացված և ընթացիկ աշխատանքների մասին։
Կարևորելով ԵԽ հետ համագործակցության դերը՝ նախարար Մկրտչյանը նշել է, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է աշխատանքներ իրականացնել ոլորտային ռազմավարություններով սահմանված առաջնահերթությունների ուղղությամբ։ Այս համատեքստում նախարարը շեշտել է Ժողովրդագրության և Զբաղվածության ռազմավարություններում ամրագրված գերակայությունների կարևորությունը, որոնք հնարավորություն են տալիս ոլորտների մի շարք ուղղություններով ցանկալի առաջընթաց գրանցել։ Նարեկ Մկրտչյանը նաև նշել է, որ Ժողովրդագրության ռազմավարությամբ սահմանված միջոցառումների իրականացման ուղղությամբ ԱՍՀ նախարարությունը պատրաստակամ է համագործակցել նաև ԵԽ-ի հետ՝ կառույցի մանդատի շրջանակում։
Գործընկերներն անդրադարձել են նաև Վիլնյուսում տեղի ունեցած «Եվրոպական սոցիալական խարտիայի» բարձր մակարդակի համաժողովի ընթացքում նախարարի կողմից ձեռք բերված պայմանավորվածություններին, որոնց իրականացման ուղղությամբ արդեն իսկ տարվում են գործնական քայլեր։