ՔԿ-ն դեռ չի ստացել Երևան-Սևան մայրուղու գազալցակայանի պայթյունի փորձաքննությունների եզրակացությունները. Radar Armenia-ի հարցմանն ի պատասխան հայտնել են քննչական կոմիտեից։
Միևնույն ժամանակ նշում են, որ Երևան-Սևան մայրուղու գազալցակայանի պայթունի փաստով նախաձեռնված քրեական վարույթով նախաքննությունը քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում շարունակվում է:
«Քրեական հետապնդում որևէ անձի նկատմամբ հարուցված չէ»,-ասված է հարցման պատասխանում։
Հիշեցնենք՝ հունիսի 6-ի ուշ երեկոյան Երևան-Սևան ավտոճանապարհի թիվ 6/1 հասցեում՝ «Գազ օիլ» ՍՊԸ-ի գազաբենզալցակայանում, պայթել է հեղուկ գազի ցիստեռն, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ էին տեղափոխվել Կ․ Ս․-ն (ծնված 1980թ․) և Գ․ Չ․-ն (ծնված 1991թ․), այնուհետև՝ տեղափոխվել Այրվածքաբանության ազգային կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր։ Աբովյանի ԲԿ էին տեղափոխվել Լ․ Հ․-ն (ծնված 2007թ․), Հ․ Խ․-ն (ծնված 2001թ․), Մ․ Գ․-ն (ծնված 1989թ․), Ա․ Ա․-ն (ծնված 1990թ․) և Լ․ Ս․-ն (ծնված 1963թ․)։ Լ. Հ․-ն ստացել էր համապատասխան բուժօգնություն և դուրս գրվել, իսկ մյուսները տեղափոխվել Այրվածքաբանության ազգային կենտրոն:
Հայկ Մագոյան