Հասարակություն

Ինչո՞ւ ՊՆ-ն չի տրամադրում ղարաբաղյան առաջին պատերազմի զոհերի թիվը

Ինչո՞ւ ՊՆ-ն չի տրամադրում ղարաբաղյան առաջին պատերազմի զոհերի թիվը

Պաշտպանության նախարարությունը հրաժարվել է Radar Armenia-ին տեղեկություններ տրամադրել, թե հայկական կողմը քանի զոհ և անհայտ կորած ունի ղարաբաղյան առաջին, 2016-ի ապրիլյան և 2020-ի 44-օրյա պատերազմներում, ինչպես նաև՝ 1994թ. սկսած խաղաղ պայմաններում քանի զինծառայող է զոհվել հակառակորդի կրակոցից։

Նախ, ՊՆ-ից հայտնել էին, որ մեր հարցման մեջ նշված տեղեկությունները տրամադրելու համար լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն կա, և պատասխանը կտրամադրվի օրենսդրությամբ սահմանված ժամկետում, որից հետո պարզապես մերժել են տեղեկություն տրամադրելը։ 

Գերատեսչությունից ստացված պատասխանում նշված է, որ զինծառայողների վերաբերյալ ամփոփ տվյալների տրամադրումը մերժվում է՝ հիմք ընդունելով պաշտպանության նախարարի՝ 2024թ. մայիսի 16-ի N 797-L հրամանով հաստատված հավելվածի՝ ՊՆ համակարգի գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկի 179-րդ կետի պահանջները։

Պաշտպանության նախարարի՝ 2024թ. մայիսի 16-ի N 797-L հրամանով հաստատված հավելվածում, որտեղ ներկայացված է գաղտնագրման ենթակա տեղեկության ցանկը, 179-րդ կետում նշված է. «ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության ուղղությունների ընդհանրացված ամփոփ տեղեկություններ, հանրագումարային տվյալներ պարունակող վերլուծական փաստաթղթեր (նյութեր)՝ ըստ փաստաթղթում ներառված տեղեկատվության գաղտնիության աստիճանի»։

Հիշեցնենք՝ 2023թ. հոկտեմբերի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարեց, որ  Հայաստանի 1016 քաղաքացի այս պահին համարվում է անհետ կորած:

ԿԽՄԿ-ից Radar Armenia-ին հայտնեցին, որ, ընտանիքներից ստացված որոնման հայտերի հիման վրա, հակամարտության առնչությամբ 1990-ականներից ու 2020-2023թթ․ ընկած ժամանակահատվածում շուրջ 1000 հայ անհայտ է համարվում, որից շուրջ 700-ը՝ առաջին պատերազմում։

Ըստ ՔԿ-ի 2022թ. մարտի 21-ի հրապարակման՝ քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի հետևանքով ԼՂ-ում և ՀՀ-ում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թվաքանակը կազմում է 3822 անձ։ 21.03.2022թ. դրությամբ անհայտ է 187 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։

Արցախյան առաջին և ապրիլյան պատերազմների, ինչպես նաև 1994թ. սկսած խաղաղ պայմաններում զոհերի, անհետ կորածների թվի մասին էլ ՔԿ-ից հայտնել են, թե Հայաստանի քննչական կոմիտեն ձևավորվել է 2014թ. հոկտեմբերին, իսկ քրեական գործերով (վարույթներով) տվյալների միասնական մեթոդաբանությամբ մշակումն ու հրապարակումն իրականացվում է՝ սկսած 2018 թվականից, ուստի՝ ղարաբաղյան առաջին, 2016 թվականի քառօրյա պատերազմների ժամանակ, ինչպես նաև 1994թ. սկսած խաղաղ պայմաններում զոհվածների, անհետ կորածների վերաբերյալ տվյալներ տրամադրել հնարավոր չէ։ 

Վիճակագրական կոմիտեից էլ Արցախյան առաջին պատերազմում զոհվածների վերաբերյալ հայցվող տվյալների մասով տեղեկացրել են, որ վիճակագրական նպատակով մահվան պատճառների ծածկագրումը, մինչև 2003թ.-ը, իրականացվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից ընդունված՝ Հիվանդությունների միջազգային վիճակագրական դասակարգման IX-րդ վերանայման դասակարգչով, որում մահվան արտաքին պատճառները՝ այդ թվում նաև պատերազմի հետևանքով արձանագրված,  ծածկագրվել են ըստ մահվան հիմնական պատճառների խոշոր խմբերի, ինչը հնարավորություն չէր տալիս մշակել խնդրո առարկային առնչվող տեղեկությունը, և միայն 2004թ.-ից է իրականացվել դասակարգչի X-րդ վերանայմամբ մահվան պատճառների ծածկագրումը: Նշվածով պայմանավորված, խնդրո առարկա մասով Արմստատը տեղեկություններ ներկայացնել չի կարող:

Հայկ Մագոյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական