Հասարակություն

Կներդրվի STEP.ai ծրագիրը. ստորագրվել է հուշագիր

«Սինոփսիս Արմենիա» ընկերությունում այսօր ստորագրվել է հուշագիր՝ ՀՀ հանրակրթական և միջին մասնագիտական հաստատություններում STEP.ai գիտության և տեխնոլոգիայի կրթական ծրագրի ներդրման վերաբերյալ:

Հուշագիրը ստորագրել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի տնօրեն Հովիկ Մուսայելյանը, ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր-նախագահ Երվանդ Զորյանը և ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը։

Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, ծրագրի գործընկեր կառույցների, ինչպես նաև մասնակից դպրոցների ներկայացուցիչներ:

Ողջույնի խոսքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է Սինոփսիս հիմնադրամի հետ համատեղ աշխատանքի արդյունքում արդեն իսկ արձանագրված ձեռքբերումներն ու համագործակցության նոր փուլի մեկնարկը:

«Հաճախ ենք բարձրացնում կրթության և մասնավոր ոլորտի միջև ավելի սերտ աշխատանքի անհրաժեշտության մասին հարցը, քանի որ շրջանավարտները պետք է ունենան տնտեսության համար պահանջված գիտելիքներ, կարողություններ և հմտություններ: Ուրախ եմ, որ տեխնոլոգիական ոլորտում առկա է մասնավոր հատվածի ակտիվ հետաքրքրություն, և այն ծրագրերը, որոնք փորձարկում ենք կրթության համակարգում, հաճախ իրականացվում են մասնավոր ոլորտի նախաձեռնությամբ, մշակմամբ և համատեղ աշխատանքի արդյունքում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

ԿԳՄՍ նախարարը կարևորել է ծրագրի փորձնական բնույթը, դրա հասանելիությունն ու ներառականությունը: Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանը կարևորել է փորձնական ծրագրում պետական հանրակրթական դպրոցների ընդգրկումը. «Սա նշանակում է՝ նմանօրինակ ծրագրերը ոչ թե որոշակի առանձնահատուկ պայմաններով օժտված դպրոցների մենաշնորհն են, այլ հասանելի են յուրաքանչյուր հանրակրթական դպրոցի համար»:

Ժաննա Անդրեասյանը նաև փաստել է, որ արհեստական բանականության մասին գիտելիքն այսօր ՀՀ հանրակրթական դպրոցներում փորձարկվող ուսումնական ծրագիր է. «Մենք այն քիչ երկրներից ենք, որ այսօր դպրոցներում արհեստական բանականության դասընթացների տարբեր փորձեր ունենք՝ դարձյալ մասնավոր ոլորտի հետ համագործակցության արդյունքում: Եթե մյուս երկրները մտածում են՝ ինչպես մոտենալ այս հարցին, մենք արդեն ունենք մի քանի մոտեցում ու փորձնական ծրագրերի արդյունքներ և ինքներս կարող ենք համադրել ու հասկանալ ուսուցման առավել արդյունավետ եղանակը: Ընդ որում, սա մի դաշտ է, որտեղ կարող ենք տարբեր մոտեցումներ որդեգրել և դրանք կիրառել տարբեր իրավիճակներում»,- նշել է Ժաննա Անդրեասյանն ու հավելել, որ արդեն իսկ միջազգային տարբեր հարթակներում հետաքրքրված են Հայաստանի փորձով:

Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար, ինչպես նաև շնորհավորել է «Սինոփսիսի» գործընկերներին՝ գործունեության 20-ամյակի առթիվ:

«ՏՀՏ գործատուների միության հետ մենք արդեն մի քանի հաջողված ծրագրերի իրականացման փորձ ունենք՝ դպրոցներում միկրոէլեկտրոնիկայի դասընթացի և այլ ուղղություններով: Պատրաստակամ ենք աշխատել, ընդլայնել և խորացնել մեր համագործակցությունը:Շնորհավորում եմ նաև մեր երեխաներին, ովքեր հանդիսանում են ծրագրի առաջին շահառուները»,- եզրափակել է Ժաննա Անդրեասյանը:

Ողջունելով և շնորհավորելով ներկաներին՝ նախարար Մխիթար Հայրապետյանը կարևորել է «Սինոփսիս Արմենիա»-ի գործունեությունը, որի հիմքում դրված է նաև Հայաստանում տեխնոլոգիական կրթության, մարդկային ներքին կապիտալի զարգացման, տաղանդների բացահայտման փիլիսոփայությունը։ Նախարարն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է մասնավոր հատվածի գործընկերների հետ համահունչ և ներդաշնակ գործունեությունը։

Անդրադառնալով STEP.ai ծրագրին՝ Մխիթար Հայրապետյանը նշել է, որ այն երկկողմ պատրաստակամություն է՝ համատեղելու ջանքերը, որպեսզի դեռ դպրոցում՝ հանրակրթության մակարդակում, աշակերտները սկսեն ճանաչել, ծանոթանալ արհեստական բանականության (ԱԲ) գործիքներին:

«Վստահ եմ, որ ԱԲ-ի այս նոր սերունդը գալիս է վերափոխելու ամբողջ տնտեսությունը և նպաստելու է մեր երկրի թվային փոխակերպման քաղաքականության արդյունավետ իրականացմանը»,- ասել է Մխիթար Հայրապետյանը:

Միջոցառման ընթացքում կայացել է նաև STEP.ai արհեստական բանականություն ծրագրի առաջին դասընթացն ավարտած ավագ դպրոցների աշակերտների ավարտական նախագծերի ցուցադրությունը, իսկ ծրագրի առաջին դասընթացն ավարտած աշակերտները խրախուսվել են վկայականներով:

Ուսուցումն իրականացվել է ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի ԱԲ մասնագետների կողմից՝ հիբրիդային եղանակով, որը համատեղում է առցանց և առկա ուսուցումը՝ դպրոցի ուսուցչի և հեռավար դասախոսի աջակցությամբ:

Ներկաներին ողջունել են նաև «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի տնօրեն Հովիկ Մուսայելյանը, ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր-նախագահ դոկտոր Երվանդ Զորյանը, ՏՀՏԳ միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը։ Ծրագրին մասնակից դպրոցականները ևս կիսվել են իրենց փորձով, դասընթացից ստացած տպավորություններով՝ ընդգծելով, որ շատերի համար այն որոշիչ է եղել նաև մասնագիտական կողմնորոշման հարցում:

STEP.ai ծրագիրը մեկնարկել է 2022 թվականին՝ մի քանի դպրոցների ավագ դասարանների աշակերտների համար: Ծրագիրը նախաձեռնվել, մշակվել և իրականացվել է Սինոփսիս հիմնադրամի, ՀԲԸՄ Սիլիկոնային հովտի մասնաճյուղի, «Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների գործատուների միության» (UEICT), «Սինոփսիս Արմենիայի» կրթական դեպարտամենտի և ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ) համատեղ ջանքերով: 2023-2024 թթ. ուսումնական տարվա ընթացքում ծրագրին մասնակցել են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի, Երևանի թիվ 122 ավագ դպրոցի,Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էօրնեկեան հանրակրթական դպրոց»-ի և Երևանի պետական համալսարանի «ՍԹԵՄ» ավագ դպրոցի աշակերտները, ինչպես նաև Սինոփսիսի Գյումրու մասնաճյուղի և ԼՂ բռնի տեղահանումից հետո Հայաստանում հաստատված «ՄՈՒՆՔ» տեխնոդպրոցի երիտասարդ սաները: Նրանցից 64-ը հաջողությամբ ավարտել է ծրագրի առաջին դասընթացը: