Հասարակություն

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի շինաշխատանքներն ընթացքի մեջ են (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Ծրագրի շինարարությունը մեկնարկել է Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի Ներքին Բազմաբերդ և Ներքին Սասնաշեն բնակավայրերից մինչև Թալին համայնք ընկած հատվածում։ Նշված հատվածի ձախակողմյան մասը միակողմանի կառուցվել ու կահավորվել է անվտանգության համապատասխան տարրերով և 2023թ․ դեկտեմբերի 15-ից բաց է երկկողմանի երթևեկության համար։

Ընդհանուր առմամբ իրականացվել է ծրագրով նախատեսված հողային աշխատանքների մոտ 60%-ը։ Ակտիվ ընթացքի մեջ է տարբեր հատվածների ասֆալտապատումը։ Արդեն իսկ ավարտվել են մոտ 17կմ ճանապարհահատվածի ասֆալտե երկշերտ ծածկի տեղադրման աշխատանքները, որից մոտ 9կմ-ն՝ աջակողմյան և մոտ 8կմ-ն ձախակողմյան երթևեկելի հատվածներում։

Միաժամանակ կառուցվում են Տ-աձև խաչմերուկները և տրանսպորտային հանգույցների ծածկը, բաժանարար գոտին և կողնակները, ջրահեռացման վաքերը։ Զուգահեռաբար ձախակողմյան հատվածում ընթացքի մեջ է ուղեանցների կառուցումը։