Հասարակություն

Նոր հնարավորություն ստարտափների համար

Մերիդիան էքսպո կենտրոնում «ԴիջիԹեք 2024»-ի շրջանակում անցակացվող DigiTalks-ի սրահում տեղի է ունեցել «Աքսելերացիոն ծրագրի տեղեկատվական հանդիպումը»՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը և Plug and Play-ի ավագ կորպորատիվ նորարարության մենեջեր Ալֆրեդո Գոմես Սորիան հանգամանալից ներկայացրել են նախարարության նախաձեռնությամբ իրականացվող Հայաստանի տեխնոլոգիական ստարտափների համար նախատեսվող 26 շաբաթյա աքսելերացիոն ծրագիրը։

Ռուբեն Սիմոնյանը ներկայացրել է իր տեսլականը՝ նախարարության նախաձեռնությամբ իրականացվող այս ծրագրի վերաբերյալ: Նա նշել է, որ Հայաստանում կան շատ մեծ ու փոքր ընկերություններ, որոնք հաջողած ստարտափներ են եղել: Ուստի, պետք է մտածել շարունակաբար նոր գործիքներ, նոր փորձաքննություններ, նոր մշակույթ և աշխատելաոճ կիրառել ոլորտի էկոհամակարգի զարգացմանը նպաստելու համար:

Ալֆրեդո Գոմեսն իր հերթին ներկայացրել է, թե ինչ կտա ծրագրի մասնակցությունը ստարտափներին. Աջակցություն՝ գնահատելու իրենց կարիքները, զարգացնելու բիզնես հմտությունները, կայանալու և շուկա մուտք գործելու, մի շարք այլ հնարավորություններ:

«Մենք կտրամադրենք բոլոր ռեսուրսները՝ ծրագրում ընդգրկված հայկական ստարտափներին հաջորդ փուլ տեղափոխելու համար` աշխատելով յուրաքանչյուրի առանձնահատուկ կարիքների համար»,- ընդգծել է Ալֆրեդո Գոմես Սորիան:

Նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանն ու Ալֆրեդո Գոմեսը պատասխանել են ներկաներին հետաքրքրող հարցերին, նաև` մեկ անգամ ևս տեղեկացրել, որ ծրագրին մասնակցության հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 7-ը։

Plug and Play- ը միջազգային հեղինակավոր նորարարական հարթակ է և ստարտափ աքսելերատոր, որի գլխամասը գտնվում է Սիլիկոնյան հովտում: Այն կապում է ստարտափներին, կորպորացիաներին և ներդրողներին՝ խթանելու տեխնոլոգիական առաջընթացը և բիզնեսի աճը: Ներկայանալով բազմաթիվ երկրներում՝ Plug and Play-ն առաջարկում է ամուր էկոհամակարգ, որն աջակցում է ստարտափներին՝ մենթորության, ֆինանսավորման և ցանցային հնարավորությունների միջոցով՝ օգնելով ընդլայնելու գործունեության աշխարհագրությունը և հաջողության հասնելու տարբեր ոլորտներում:

Plug and Play- ը համագործակցում է այնպիսի հեղինակավոր կազմակերպությունների հետ, ինչպիսիք են՝ VISA-ն, ROCHE-ն, JAGUAR LAND ROVER-ը, WALMART-ը, Mercedes-Benz-ը, VOLVO-ն, PORSCHE-ն, NISSAN-ը և այլք:

Plug and Play -ի պորտֆոլիոյում կան ավելի քան 30 միաեղջյուր (unicorn) կազմակերպություններ, հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։