Օքսֆորդի համալսարանի բրիտանացի գիտնականները մշակում են աշխարհում առաջին պատվաստանյութը, որը կարող է կանխել ձվարանների քաղցկեղի զարգացումը, հայտնում է Sky News-ը՝ վկայակոչելով գիտնականներին։
Հեռուստաալիքի տվյալներով՝ խոսքը OvarianVax պատվաստանյութի մասին է, որը իմունային համակարգին սովորեցնում է վաղ փուլերում ճանաչել ուռուցքային բջիջները եւ հարձակվել դրանց վրա։ Ակնկալվում է, որ կանայք կկարողանան պատվաստանյութը ստանալ Մեծ Բրիտանիայի առողջապահական համակարգի (NHS) միջոցով:
Հետազոտողները նշում են, որ պատվաստանյութի ստեղծման նպատակը հիվանդությունն արմատախիլ անելն է:
Գիտնականները կարծում են, որ պատվաստանյութը կարող է աշխատել մարդու պապիլոմավիրուսի (HPV) պատվաստանյութի նման, որը նախատեսված է արգանդի վզիկի քաղցկեղի զարգացումը կանխելու համար:
Պատվաստանյութ մշակողները կորոշեն, թե վաղ փուլի ձվարանների քաղցկեղի բջիջների մակերեսի որ սպիտակուցներն են լավագույնս ճանաչվում իմունային համակարգի կողմից և որքանով է արդյունավետ պատվաստանյութը: Այնուհետև գիտնականները կլինիկական փորձարկումներ կանցկացնեն առողջ կանանց, ինչպես նաև BRCA գենային մուտացիաներով կանանց հետ, որոնք ենթադրում են ժառանգական կրծքագեղձի և ձվարանների քաղցկեղի վտանգ:
Ըստ Sky News-ի՝ Մեծ Բրիտանիայում տարեկան ախտորոշվում է ձվարանների քաղցկեղի մոտ 7,5 հազար նոր դեպք, որոնց մոտ 5-15%-ը կազմում են BRCA գենային մուտացիաները։ Քաղցկեղը հաճախ ախտորոշվում է ուշ փուլերում՝ մեղմ ախտանիշների պատճառով: Հեռուստաալիքը գրում է, որ ներկայումս բժիշկները խորհուրդ են տալիս BRCA1 և BRCA2 մուտացիաներով կանանց հեռացնել ձվարանները մինչև 35 տարեկանը, ինչը նշանակում է վաղ դաշտանադադար և ապագայում երեխա ունենալու անկարողություն։