Հասարակություն

Kia-ի ոչ սթափ վարորդը վրաերթի է ենթարկել 4 հետիոտնի․ կա զոհ, 3 վիրավոր

Հոկտեմբերի 4-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում Kia մակնիշի ավտոմեքենան Առնո Բաբաջանյան փողոցից դեպի Արգավանդի խաչմերուկ տանող հատվածում՝ հետիոտնային անցման վրա, վրաերթի է ենթարկել 4 հետիոտնի։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածներին առաջինn օգնության են հասել հարևանությամբ գործող գազալցակայանի աշխատակիցներն ու քաղաքացիները։ Օպերատիվ են գործել նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Մինչ դեպքի վայրում պարեկները սահմանազատել են տարածքը, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածներից 1-ը, գիտակցության չգալով, մահացել է։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ և իր մոտ այդ պահին վարորդական իրավունքի վկայական չի ունեցել։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի հատուկ պահպանվող տարածք։