2024թ. ընթացքում կամավոր ատեստավորման մասնակցել են 397 մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոնների, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցների մանկավարժներ և մարզադպրոցների մարզիչ-մանկավարժներ. այս մասին Radar Armenia-ի հարցմանն ի պատասխան հայտնել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։
Կամավոր ատեստավորման արդյունքում 90-100% արդյունք է ցուցաբերել 11 մանկավարժ:
«2024 թվականին «Պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման» ծրագրին մասնակցության հայտ է ներկայացրել 397 անձ, որից կամավոր ատեստավորման արդյունքում 90-100% արդյունք է ցուցաբերել 11 մանկավարժ: Նշենք, որ կամավոր ատեստավորման անցողիկ շեմը չի հաղթահարել 265 մանկավարժ»,- նշվել է հարցում պատասխանում:
Ըստ մայրաքաղաքի և մարզերի ներկայացնում ենք 2024 թ. կամավոր ատեստավորման վիճակագրությունը
- Երևան 119
- Արագածոտնի մարզ 9
- Արարատի մարզ 16
- Արմավիրի մարզ 49
- Գեղարքունիքի մարզ 28
- Լոռու մարզ 14
- Կոտայքի մարզ 79
- Շիրակի մարզ 14
- Սյունիքի մարզ 22
- Վայոց ձորի մարզ 4
- Տավուշի մարզ 39
Հիշեցնենք՝ 2024 թ. մարտին երկարաձգվել է արտադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման հայտերի ընդունման ժամկետը։ Ատեստավորումն ըստ ուղղությունների իրականացվում է թեստավորման եղանակով: Անկախ դասավանդած ուղղությունների քանակից՝ մանկավարժական աշխատողը տվյալ տարում կարող է ատեստավորման հայտ ներկայացնել միայն մեկ ուղղությամբ՝ իր ընտրությամբ։ Ատեստավորմանը մասնակցելու համար մանկավարժական աշխատողները հայտերը ներկայացնում են Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի էլեկտրոնային մատյանում` at.emis.am, հղմամբ և ստանում հաղորդագրություն՝ հայտն ընդունված լինելու վերաբերյալ:
Հայտարարությամբ նշված ժամկետի ավարտից հետո ներկայացված հայտերը չեն քննարկվում և վերադարձվում են հայտ ներկայացրած մանկավարժական աշխատողին՝ նշելով պատճառը:
Հայկ Մագոյան