Հասարակություն

Եվս 2.7 մլն եվրո վարկ՝ Գյումրիի փողոցների վերակառուցման համար

ԱԺ-ում ներկայացվել է ՀՀ-ի և ՎԶԵԲ-ի միջև 2016 թվականի մայիսի 11-ին ստորագրված «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրում փոփոխությունների նախագիծը։

ՏԿԵ նախարար Վաչե Տերտերյանը տեղեկացրել է, որ վարկային համաձայնագրով վերափոխվել է Գյումրու կենտրոնը, հատկապես՝ լուսավորության և ճանապարհների մասով: 2016 թվականին ստորագրված համաձայնագիրն արդյունավետ գործել է, դեռևս կար 6 մլն եվրո արժողությամբ Գ տրանշը, որը լուսավորությանն է վերաբերում: Իրականացված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ լուսավորության փոփոխությունը, սակայն, նաև մալուխային ցանցի փոփոխություն է ենթադրում, սա էլ իր հերթին՝ ճանապարհի վերափոխման, դրան զուգահեռ նաև մյուս ենթակառուցվածքների՝ ջրի և կոյուղու փոփոխության կարիք է առաջանում: Լրացուցիչ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ լրացուցիչ միջոցների ներգրավման կարիք կա:

«Ոչ թե նախկին աշխատանքների ժամկետն ենք երկարաձգում, դրանք արդեն ավարտված են, այլ երկարաձգում ենք ժամկետը միայն վերջին տրանշի, որը բովանդակային փոփոխություն է կրել՝ և՛ կառուցվածքի, և՛ լրացուցիչ միջոցներ ներգրավելու առումով»,- նշել է զեկուցողն ու տեղեկացրել, որ համաձայնագրով 6 մլն եվրո արդեն իսկ կար նախատեսված, 2,7 մլնի չափով առկա էր խնայողություն, և 2,7 մլն լրացուցիչ վարկային ռեսուրս ներգրավելու ու ժամկետը երկարաձգելու կարիք էր առաջացել:

Նախատեսվում է բանկից ներգրավել հավելյալ 2,720.000 եվրոյի չափով վարկ` Գյումրի քաղաքի Անի և Ավստրիական թաղամասերի ճանապարհների վերանորոգման և լուսավորության ապահովման համար: Վարկի բոլոր տրանշների վերջին հասանելիության ժամկետ է սահմանվել 2028 թվականի ավարտը:

«Ժամանակակից էկոլոգիական լուսավորությունն ամբողջ վարկային  ռեսուրսի և ՎԶԵԲ-ի հետ մեր համագործակցության հիմնարար դրույթներից է»,- փաստել է փոխնախարարը: