Հասարակություն

Հայաստանի մաքսային համակարգն ունի լավագույն ձեռքբերումները. Ռուսլան Դավիդով

ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը հյուրընկալել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ մաքսային համագործակցության հարցերով անդամ (նախարար) Ռուսլան Դավիդովին։

Ռուստամ Բադասյանը շնորհավորել է Ռուսլան Դավիդովին՝ նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ ընդգծելով, որ նրա փորձառությունը և գիտելիքները կօգնեն ԵԱՏՄ անդամ պետություններում մաքսային համագործակցությունն ամրապնդելու ու նոր գաղափարներ զարգացնելու հարցում։

Ռուսլան Դավիդովը նշել է, որ Հայաստանի մաքսային համակարգն ունի լավագույն ձեռքբերումները, այդ թվում՝ թվայնացման առումով, և դրա վառ օրինակն արտաքին առևտրի «Մեկ պատուհան» համակարգն է, որը նրա գնահատմամբ, լավագույնն է ԵԱՏՄ անդամ պետություններում։

Քննարկման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարթակում քննարկվող մի շարք հարցերի, այդ թվում՝ ֆիզիկական անձանց կողմից էլեկտրոնային առևտրի շրջանակում ձեռք բերված ապրանքների ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի և անմաքս շեմի, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետությունների միջև ներմուծման մաքսատուրքերի բաշխման մեխանիզմների հետ կապված հարցերի։

Հանդիպման ավարտին Ռուսլան Դավիդովը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և հույս հայտնել, որ համագործակցությունը կկրի շարունակական բնույթ։