2022թ․ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ուժգին պայթյունը 16 մարդու կյանք խլեց, ևս 1-ը համարվում է անհետ կորած։ Նույն օրը դեպքի առթիվ քննչական կոմիտեում նախաձեռնվեց քրեական վարույթ:
Ողբերգական դեպքից 2 տարի անց, Radar Armenia-ի հարցմանն ի պատասխան, քննչական կոմիտեից հայտնել են, որ «Սուրմալու» տոնավաճառում տեղի ունեցած հրդեհի վերաբերյալ վարույթով նախաքննությունը շարունակվում է:
Քրգործի մասին այլ մանրամասներ ՔԿ-ից հրաժարվել են տրամադրել՝ պատճառաբանելով, թե դրանց վերաբերյալ առկա տեղեկատվությունը պարունակում է քրեական վարույթի՝ հրապարակման ոչ ենթակա տվյալներ․
«Հաշվի առնելով, որ դրանց վերաբերյալ առկա տեղեկատվությունը պարունակում է քրեական վարույթի՝ հրապարակման ոչ ենթակա տվյալներ, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով հավելյալ տեղեկատվություն չի տրամադրվում»,- նշված է ՔԿ-ի տրամադրած պատասխանում։
Հիշեցնենք՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի պատճառների վերաբերյալ մի շարք վարկածներ են շրջանառվել, այդ թվում՝ ահաբեկչության վարկածը, սակայն պաշտոնական նախնական վարկածն այն էր, որ պայթել է հրավառության համար նախատեսված պարագաների պահեստը։
Հայկ Մագոյան