Սեպտեմբերի 30-ին տեղի ունեցավ «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» (ACE Armenia) ծրագրի բացման հանդիսավոր արարողությանը, որին մասնակցում էին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը և Ամերիկյան պետությունների կազմակերպությունում մշտական ներկայացուցիչ, դեսպան Ֆրանսիսկո Մորան։
Ծրագիրն իրականացվում է Հայաստանի կառավարության և ԱՄՆ կառավարության աջակցությամբ և Ամերիկյան պետությունների կազմակերպության (OAS) հովանու ներքո՝ ծառայելով որպես տնտեսական զարգացման, նորարարության և ձեռնարկատիրական համագործակցության խթանման հարթակ:
Նախարարը բացման խոսքում նշել է, որ այս միջոցառումը լավ հարթակ է ոչ միայն գաղափարների փոխանակման, այլ նաև համագործակցության նոր ուղիներ գտնելու համար, որոնք կարող են վերափոխել մեր ապագան. «Չնայած աշխարհագրական բաժանմանն ու համատեղ սահմանների բացակայությանը, կարող ենք փաստել, որ կապի, նորարարության և համագործակցության ուժը սահմաններ չի ճանաչում, և մեր ազգերի միջև հնարավորությունների կամուրջներ կառուցելու համար կա չօգտագործված հսկայական ներուժ: Համատեղ ջանքերի շնորհիվ մենք կարող ենք զարգացնել այս ներուժը՝ առաջացնելով բեկումնային փոփոխություններ, որոնք կվերափոխեն ոչ միայն մեր երկրները, այլև համաշխարհային լանդշաֆտը»:
Մինչև հոկտեմբերի 4-ը շարունակվելիք միջոցառման նպատակն է դյուրացնել երկխոսությունը և համագործակցությունը մասնակից երկրների ու Հայաստանի միջև՝ կենտրոնանալով այնպիսի ոլորտների վրա, ինչպիսիք են կայուն գյուղատնտեսությունը, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները, վերականգնվող էներգիան, ՍԹԵՄ կրթությունը և գինեգործությունը: