Հասարակություն

Ինչո՞ւ է արգելվել Արսեն Խառատյանի մուտքը Վրաստան

Սեպտեմբերի 16-ին կրկին արգելվել էր «Ալիք Մեդիա»-ի հիմնադիր Արսեն Խառատյանի մուտքը Վրաստան։ Դեպքը տեղի է ունեցել, երբ Խառատյանը Եվրոպայից վերադառնում էր Թբիլիսի։ Վրաստանի սահմանային ծառայություններն այս անգամ նրան ձերբակալել են 4 ժամով, հետո նստեցրել օդանավ՝ ետ ուղարկելով Եվրոպա։

Radar Armenia-ն դիմել է Հայաստանի ԱԳ նախարարություն՝ հասկանալու՝ արդյոք Վրաստանի դիվանագիտական գերատեսչության հետ քննարկում ունեցել են այս հարցի շուրջ, թե ոչ, և կա՞ն Հայաստանի այլ քաղաքացիներ, որոնց մուտքը Վրաստան արգելված է։ 

Արտգործնախարարությունից հայտնել են, որ իրենց տրամադրության տակ առկա չէ պաշտոնական տեղեկատվություն և այդ հարցով դիմում չեն ստացել․

«ՀՀ քաղաքացուն որևէ օտարերկրյա պետության տարածք մուտքն արգելելու կամ մուտքի արգելքի առկայության մասին նախարարությունը կարող է տեղեկանալ տվյալ անձի դիմումից, քանի որ մուտքն արգելող պետության կողմից տվյալ անձի քաղաքացիության երկրին այդ մասին իրազեկելու ընթացակարգ նախատեսված չէ։ Միաժամանակ հայտնում ենք, որ, համաձայն միջազգային պրակտիկայի, օտարերկրացիների մուտքը որևէ երկիր արգելելու դեպքում, որպես կանոն, տվյալ անձին տրամադրվում է մուտքն արգելելու վերաբերյալ անձնական տվյալներ պարունակող ծանուցում (որոշում, արձանագրություն), որտեղ նշվում է արգելքի պատճառը»։

ԱԳՆ-ի պարզաբանումն ստանալուց հետո Radar Armenia-ն կապ հաստատեց նաև «Ալիք Մեդիա»-ի հիմնադիր Արսեն Խառատյանի հետ՝ հասկանալու, թե իր մուտքը Վրաստան արգելելուց հետո արդյոք դիմել է Հայաստանի ԱԳՆ․ եթե ոչ, ինչու.

«Ճիշտն ասած՝ տարբեր դիվանագետ ընկերների ասել եմ այս մասին, բայց ԱԳՆ-ին պաշտոնապես դիմելու տրամաբանության արդյունավետության վրա վստահ չէի։ Այնտեղ նաև տասնօրյա ժամկետ կա, որով կարող ես բողոքարկել։ Վրացիների հետ էլ ենք քննարկում, բայց այս պահին ֆորմալ գործընթաց հարուցելու անհրաժեշտություն չեմ տեսել»։

Հիշեցնենք՝ Խառատյանը հայտարարել էր, որ կասկած չունի, որ մուտքի այս մերժումը, նույն ինքը՝ արտաքսումը, քաղաքական բնույթ է կրում։

Նշենք, որ որևէ երկրի սահմանապահ ծառայություն ունի բացառիկ լիազորություն՝ առանց մեկնաբանության թույլ չտալու որևէ անձի մուտքը տվյալ երկիր։

Հայկ Մագոյան