Երևանում այսօր բացվել է Իրանի առևտրի կենտրոնը։
Այնտեղ ներկայացված են իրանական շուկայի խոշորագույն արտադրողները նավթի, գազի ոլորտում, նավթաքիմիկատներ արտադրող ընկերություններ, ինչպես նաև կենցաղային տեխնիկայի, շինարարական նյութերի, ծխախոտի, թղթե արտադրությամբ զբաղվող ընկերություններ:
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Իրանի Արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյյեդ Մոհամմադ Աթաբաքը, որոնք նաև ելույթ են ունեցել։
Առևտրի կենտրոնը Իրանի առաջին և ամենամեծ մշտական առևտրի կենտրոնն է արտերկրում։ Նախագիծն իրականացվել է իրանական կողմի ֆինանսավորմամբ։
«Հայաստանը բարձր է գնահատում Իրանի հետ համագործակցությունը և տնտեսական ներկայությունը Հայաստանում, այս կենտրոնի բացումը ևս մեկ կարևոր քայլ է բարեկամ երկրների տնտեսական և առևտրային հարաբերությունների զարգացման գործում»,- նշել է նախարար Պապոյանը։
Շուրջ 18 հազար քառակուսի մետր տարածքի վրա ներկայացված են 100-ից ավելի իրանական ընկերություններ: Սպառողները և գործարարներն այստեղ կարող են ուղիղ արտադրողից ձեռք բերել իրանական ապրանքներ։
Ցուցահանդեսային տարածքը ներառում է տարբեր չափերի 107 ցուցահանդեսային տաղավարներ, կոնֆերանսների սենյակ բիզնես (B2B) հանդիպումների համար և բաց տարածք միջոցառումների և փառատոնների անցկացման համար:
Առևտրի կենտրոնի բացումը մեծապես կնպաստի Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառության մակարդակի բարձրացմանն ու հայ-իրանական գործարար կապերի ամրապնդմանը։