Գեղարքունիքի մարզում՝ Արևիկ հանգստյան գոտուց մինչև Շողակաթ համայնքն ընկած ճանապարհահատվածում անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարը, որին ներկա են գտնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը: Նիկոլ Փաշինյանը մասնակցել է նաև հեծանվավազքին՝ մասնակից աշակերտներին հեծանիվով ուղեկցելով մեկնարկից մինչև եզրագիծ:
Մրցաշարն անցկացվել է ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 10-12-րդ դասարանների աշակերտներից կազմված հավաքական թիմերի միջև, եզրափակիչ փուլին մասնակցել են 1-ին փուլում 1-3-րդ տեղերը գրաված դպրոցների կամ վարժարանների հավաքական թիմերը:
Հաջորդիվ տեղի է ունեցել պարգևատրման արարողություն: Եզրափակիչ փուլին 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված դպրոցների թիմերը և մասնակիցները պարգևատրվել են ԿԳՄՍՆ համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթով, մեդալներով և դրամական պարգևներով: 1-ին տեղ գրաված դպրոցը պարգևատրվել է 4,000,000 ՀՀ դրամով, 2-րդ տեղը՝ 2,500,000 ՀՀ դրամով, 3-րդ տեղը՝ 1,500,000 ՀՀ դրամով: Պարգևատրվել են նաև դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչները. 1-ին տեղ՝ 700,000 ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 500,000 ՀՀ դրամ և 3-րդ տեղ՝ 300,000 ՀՀ դրամ: Հեծանվավազքի հաղթող թիմերի աշակերտները ևս պարգևատրվել են դրամական մրցանակներով. 1-ին տեղ՝ 2 մասնակից՝ 150,000-ական ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 2 մասնակից՝ 100,000-ական ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ 2 մասնակից՝ 75,000-ական դրամ: Հաղթողներին պարգևները հանձնել է Նիկոլ Փաշինյանը:
Իր խոսքում վարչապետը շնորհավորել է մրցաշարի հաղթողներին և բոլոր մասնակիցներին՝ մասնակցության համար: «Մեր նպատակադրումը մեկն է` ուզում ենք բոլոր հնարավոր ձևերով առողջ ապրելակերպը քարոզենք: Մենք ուզում ենք՝ առողջ ապրելակերպը քարոզելուն զուգահեռ նաև թիմային պայքարի տրամաբանությունը քարոզենք: Հիմա դպրոցականների շրջանում չունենք անհատական մրցամարտ ենթադրող մրցաշարեր «Վարչապետի գավաթի» ֆորմատով: Ե՛վ սեղանի թենիսը, և՛ խճուղային վազքը, և՛ հեծանվավազքը, բոլորը թիմային տրամաբանության մեջ են դրված»,- ասել է Կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ դրա առանցքային նպատակն է զարգացնել թիմային ոգին, պայքարի թիմային մեթոդը, համագործակցությունը ու փոխօգնությունն դպրոցականների, ինչպես նաև՝ հանրության շրջանում:
Վարչապետը մրցաշարերի անցկացման կարևորությունն ընդգծել է նաև բնակավայրերի զարգացման համատեքստում, քանի որ այն աշխուժություն է բերում բնակավայրի, համայնքի կյանքում. «Կարևոր է, որ մենք ամեն ինչ չկենտրոնացնենք Երևանում, խոշոր քաղաքներում կամ խոշոր բնակավայրերում: Եվ կարևոր է, որ մենք «Վարչապետի գավաթի» աշխարհագրությունը փորձում ենք հնարավորինս դեպի մարզեր տանել, որը նույնպես տարածքային համաչափ զարգացման տրամաբանության մեջ է»: Նշվել է նաև, որ այս տարի նախատեսվում է Ջերմուկում անցկացնել նաև հեղինակային երգի դպրոցական փառատոն:
Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ ևս շնորհավորել է մասնակիցներին և շնորհակալություն հայտնել մրցաշարի կազմակերպիչներին և ուսուցիչներին՝ կատարված աշխատանքի համար: