Հասարակություն

Գնել Սանոսյանն ու ԻԻՀ դեսպանն այցելել են Սյունիքի «Նորավան» ենթակայան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն աշխատանքային այցով Սյունիքի մարզում է։ Սանոսյանը, ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոհբանիի, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի տնօրեն Դավիթ Միրզոյանի, Սիսիանի համայնքապետ Արմեն Հակոբջանյանի և պաշտոնատար այլ անձանց ուղեկցությամբ այցելել է «Նորավան» ենթակայան:

ՀՀ ՏԿԵ նախարարը ծանոթացել է կայանի շինարարության ներկայիս ընթացքին, կատարված աշխատանքներին։ Գնել Սանոսյանը այցելել է նաև «Նորավան» ենթակայանի կառավարման շենք, որտեղ նախարարին ներկայացվել է տեղադրված սարքավորումների միջոցով և Երևանում,և Թեհրանում մոնիթորինգ անելու հնարավորությունը։

Մինչև այս տարվա ձմեռ նախատեսվում է ավարտին հասցնել մալուխների անցկացման աշխատանքերը, կատարել բարեկարգման աշխատանքներ, իսկ 2025 թվականի ընթացքում արդեն ապահովել տեխնիկական հագեցվածությամբ։

Այցի ընթացքում դիտարկվել է նաև Հայաստանից դեպի Իրան հենասյուների տեղադրման հատվածները, կատարված բետոնացման աշխատանքները, որոնք իրականացվում են ռելիեֆային բարդ պայմաններում։ Վերջին երկու ամսվա ընթացքում տեղադրվելն են մոտ 40 հենասյուն։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ավելի ակտիվացնել համագործակցությունը՝ ենթակայանի աշխատանքները սահմանված ժամկետում ավարտելու համար։