Հասարակություն

Այսօր 44-օրյա պատերազմի չորրորդ տարելիցն է

Այսօր լրանում է Ղարաբաղյան երկրորդ պատերազմի 4–րդ տարելիցը։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, ժամը 07։10-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի դեմ: Հայաստանում և Արցախում հայտարարվեց ռազմական դրություն և զորահավաք:

44 օր շարքային զինվորից մինչև հրամանատար, պայմանագրայինից` կամավորական կենաց ու մահու պայքար մղեցին՝ պաշտպանելու հայրենի հողը:

Արցախի դեմ ագրեսիան ուղեկցվեց ադրբեջանական զինված ուժերի կողմից միջազգային նորմերի բազմաթիվ կոպիտ խախտումներով, արգելված զինատեսակների կիրառմամբ, քաղաքացիական անձանց թիրախավորելով։

Նոյեմբերի 9-ի երեկոյան հայտնի դարձավ՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հայտարարություն են ստորագրել կրակի դադարեցման մասին, որից հետո ԼՂ-ում տեղակայվել են ռուսաստանցի խաղաղապահներ։

Պատերազմի արդյունքում հայկական կողմը տվեց 3830 զոհ, այդ թվում՝ 3752-ը զինծառայողներ, 78-ը՝ քաղաքացիական անձինք։ Անհայտ է 195 անձի գտնվելու վայրը, այդ թվում՝ 175 զինծառայողի և 20 քաղաքացիական անձի։ 

Ադրբեջանական կողմը հայտարարել է 2900-ից ավելի զոհի և 6 անհայտ կորածի մասին։

Ա․Գ․