ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Ֆինլանդիայի և Էստոնիայի կրթության և մշակույթի նախարարությունների կողմից կազմակերպված կրթական միջոցառմանը, որը կազմակերվպել էր Եվրոպական կրթական հիմնադրամի «Teaching Excellence–Empowering Educators» արևելյան գործընկերության ծրագրի շրջանակում:
Պատվիրակության կազմում ընդգրկված էին նաև ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը և նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը, ԿԶՆԱԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, ՀՄՊՀ պրոռեկտոր Մարինա Հարությունյանը։
Այցի ընթացքում քննարկվել են ֆիննական և էստոնական կրթական համակարգերի առանձնահատկություններն ու արդյունավետության մեխանիզմները։ Ծրագրի շրջանակում այցեր են կազմակերպվել Ֆինլանդիայի և Էստոնիայի կրթության և մշակույթի նախարարություններ, Հելսինկիի և Տալլինի համալսարաններ, Ֆիննական կրթության որակի գնահատման կենտրոն, Ուսուցչական արհմիություն և մի շարք այլ կազմակերպություններ։ Քննարկվել են ֆիննական և էստոնական կրթական համակարգերի կառուցվածքը, ուսուցիչների շարունակական կրթության, որակի վերահսկողության, ուսուցիչների իրավունքների պաշտպանության և այլ հարցեր։
Եվրոպական կրթական հիմնադրամի գործընկերներին ներկայացվել են Հայաստանի հետ հետագա համագործակցության առաջնահերթությունները՝ մանկավարժական կրթության զարգացման, հանրակրթության պետական չափորոշչի ներդրման աշխատանքների բարելավման, դպրոցներում մենթորական համակարգի ներդրման ուղղություններով։
Ծրագրին մասնակցել են նաև Վրաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի և Ուկրաինայի պատվիրակությունները։