Հասարակություն

Քննարկվել է ռազմարդյունաբերության արդյունավետության բարձրացումը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Արփա ինստիտուտի» (ARPA Institute) հիմնադիր նախագահ, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ, ամերիկահայ գիտնական Հակոբ Փանոսյանին:

Փանոսյանն «ԱՐՓԱ»-ի միջոցներով ստեղծել է Ալիխանյան ազգային լաբորատորիան ինչպես նաև հիմնադրել է Էրեբունի հիվանդանոցում առաջին արդի արյան կենտրոնը, Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտին է նվիրաբերել ԴՆԹ-ի ուսումնասիրությունների համար առաջին արդի սեկվինաթորը, բազմաթիվ ինստիտուտներին և համալսարաններին նվիրել անհրաժեշտ գիտահետազոտական սարքեր, ինչպես նաև՝ սկսած 1987 թվականից, պարբերաբար դասավանդել է Հայաստանում ավտոմատ կառավարման համակարգերի արդիական թեմաներով։

Այդ շրջանից ի վեր Հակոբ Փանոսյանը հաճախ է գտնվում Հայաստանում, կազմակերպում զանազան աշխատանքներ «Արփա»-ի շրջանակներում։ Ողջունելով հյուրին՝ նախագահը բարձր է գնահատել նրա վաստակը Հայաստանում բարձր տեխնոլոգիական բնագավառի և բնական գիտությունների ու առողջապահության ոլորտում զարգացման նոր ուղղությունների բացահայտման գործում:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տեղեկատվական տեխնոլոգիաների, կանաչ էներգիայի արտադրության, արդյունաբերության և ռազմարդյունաբերության ոլորտներում բարձր տեխնոլոգիաների կիրառման արդյունավետության բարձրացման և զարգացման հնարավորությունների նոր ուղիներ գտնելու վերաբերյալ: Այս համատեքստում ամերիկահայ գիտնականը Հանրապետության նախագահին է ներկայացրել կիրառական գիտության ոլորտում իրենց աշխատանքային խմբի մի շարք նախաձեռնություններ և ծրագրեր:

Հանդիպման ավարտին նախագահը շեշտել է իր պատրաստակամությունը հնարավորությունների շրջանակում աջակցել հայտնի գիտնականին և նրա աշխատանքային խմբի գործունեությանը: