Քաղաքական

Փոխնախարարի հրաժարականից հետո նախարարի դեմ ստորագրահավաքը չի դադարեցվի

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը Radar Armenia-ի հետ զրույցում բացառեց Արդարադատության փոխնախարարի հրաժարականից հետո նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության համար սկսված ստորագրահավաքը դադարեցնելը։

«Բնականաբար՝ ոչ։ Եթե նույնիսկ որոշ մարդիկ ընկալում են, որ դա փոխնախարարի նշանակման հետևանքով է, և նախաձեռնողները ետ կանգնեն, ապա ակամա դա կհաստատեն, որն անընդունելի է քաղաքականության տեսանկյունից։ Հետևաբար՝ ես բացառում եմ։ Առավել ևս գիտենք, որ փոխնախարարի նշանակումը չէր պատճառը, որ այդ նախաձեռնությունն իրականացվել է»,- ասաց պատգամավորը։

Հարցին՝ տեսակետ կա, որ այդ նշանակումը պատճառներից մեկն է, Աղազարյանն ասաց՝ էական նշանակություն չի ունեցել: Ըստ նրա՝ Մինասյանի դեմ ստորագրահավաք կազմակերպելու հարցում նշանակություն չի ունեցել անգամ Միքայել Մինասյանի եղբայրը լինելը. «Դրանք առանձին վերցրած չեն կարող պատճառներ լինել, որովհետև որևէ մեկը չպիտի պատասխան տա իր հոր, իր եղբոր համար»։

Իսկ թե ինչո՞ւ են դժգոհ իշխող ՔՊ խմբակցությունում, որ նախարարի պաշտոնանկության հարցով ստորագրահավաք են սկսել. Աղազարյանն ասաց․ «Չեմ կարող շատ մանրամասներ ասել, նպատակահարմար չեմ գտնում, որովհետև փաստ չէ, որ իմ կամ մյուսի տեսակետը բացարձակ ճշմարտություն է, որովհետև գուցե նաև չեղարկման առարկա դառնա»։

Այսօր ավելի վաղ Աղազարյանը տեղեկացրել էր, որ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցը քննարկելու համար ԱԺ ՔՊ խմբակցության որոշ պատգամավորներ ստորագրահավաք են նախաձեռնել։ Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Արդարադատության փոխնախարար Սիրվարդ Գևորգյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։ Գրիգոր Մինասյանն անդրադարձել էր Արդարադատության փոխնախարար Սիրվարդ Գևորգյանի հրաժարականին։ 

Հայկ Մագոյան