Արդարադատության նորանշանակ փոխնախարար Սիրվարդ Գևորգյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել․ այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքի իր էջում։
«Խարդավանքները հաղթեցին բանականությանը: Այսօր հրաժարականի դիմում ներկայացրեցի Արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից։
Մեծ ցավով ու ափսոսանքով եմ թողնում Արդարադատության նախարարության իրապես պրոֆեսիոնալ թիմը` նախարար Գրիգոր Մինասյանի գլխավորությամբ: Այս համակարգում երկար տարիներ եմ աշխատել ու դեռ շատ անելիքներ կային: Շատ կուզեի մասնակցել այդ ամենօրյա ծանր, բայց իրապես կարևոր աշխատանքին:
Նորից շնորհակալ եմ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինձ ցուցաբերված մեծ վստահության համար:
Ցավում եմ, որ քաղաքական երկու բևեռներում ինձ վրա հարձակվեցին չարացած մարդիկ, ովքեր շահարկեցին ամեն հնարավորն ու անհնարը սեփական քաղաքական շահերի կամ անձնական խարդավանքների համար: Ոչ մի պաշտոն կամ աշխատանք ինձ չի կարող ստիպել հարվածի տակ դնել կամ ուրանալ իմ ընկերներին ու գործընկերներին»,– գրել է նա:
Հիշեցնենք, ՀՀ վարչապետի որոշմամբ նա այդ պաշտոնին էր նշանակվել սեպտեմբերի 5-ին։ Այդ նշանակումից հրապարակվեց Գևորգյանի լուսանկարը՝ ՀՀ Ռոբերտ Քոչարյանի դստեր հետ՝ Քոչարյանի գիրքը բռնած։ Այդ կապակցությամբ նա պարզաբանում էր տարածել, ասելով թե անվերապահորեն պաշտպանում է Իրական Հայաստանի և Հայրենիքը Պետությունն է հայեցակարգերը»։
Իսկ այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ Սիրվարդ Գևորգյանը կառավարության այսօրվա որոշմամբ նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամ։