Հասարակություն

Հաստատվել է սահմանամերձ տարածաշրջանների զարգացման ծրագիրը

Կառավարության որոշմամբ ՀՀ 2025 թ. պետբյուջեի նախագծի կազմում ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը կներկայացվի սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2025 թ. ծրագիրը, որն իրականացվում է սահմանամերձ համայնքների բնակիչների առօրյա հոգսերը հնարավորինս մեղմելու և կենսապայմանները բարելավելու նպատակով:

Ըստ այդմ՝ սահմանվում է սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության փոխհատուցման ենթակա ծավալները, փոխհատուցման կարգն ու փոխհատուցում ստացող սահմանամերձ համայնքների ցանկը: Ծրագրի շրջանակում աջակցություն են ստանում սահմանամերձ 13 համայնքների 82 բնակավայրերի բնակիչներ։

Նախագծով առաջարկվում է սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2025 թ. ծրագրի իրականացման համար հատկացնել 988 933.7 հազար դրամ։ Սահմանամերձ համայնքներին ցուցաբերվելու է պետական աջակցություն՝ բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու անշարժ գույքի հարկի ամբողջական փոխհատուցում տրամադրելու համար: