Սեպտեմբերի 7-ին, ժամը 16-ին մոտ, «Արաբկիր» բժշկական կենտրոնից ոստիկանություն ստացվել էր ահազանգ, որ կրծքավանդակի թափանցող վերքով բուժօգնության է տեղափոխվել Վաղարշյան փողոցի բնակիչ 31-ամյա մի տղամարդ:
Հաղորդումը փոխանցվեց ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից էլ մեկնեց օպերատիվ խումբ: Ըստ բժիշկների` տուժածի վիճակը գնահատվում էր ծանր, և նրանից որևէ տեղեկություն ստանալ իրավապահներին չհաջողվեց: Միայն պարզվեց, որ դեպքը տեղի է ունեցել Երևանի Տոլբուխինի փողոցում:
Ներկայացնում է ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Կարեն Հովհաննիսյանը: «Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ստացված տեղեկություններն իրացնելիս պարզեցինք, որ նախնական տվյալներով` տուժած երիտասարդի հետ կենցաղային հարցերի շուրջ վեճի են բռնվել նույն թաղամասի բնակիչ երկու երիտասարդներ` 34 և 24 տարեկան, և վերջինս էլ իր մոտ եղած դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել 31-ամյա տուժածին»:
Արդեն հաջորդ օրը հանցագործությունը բացահայտված էր, սակայն կասկածյալ երկու երիտասարդն էլ, խուսափելով քննությունից, դիմել էին փախուստի: Օրեր տևած որոնողական միջոցառումներից հետո Արաբկիրի ոստիկաններին օգնության հասան ԱԱԾ Ստեփանավանի բաժանմունքի աշխատակիցները: Նրանց ստացած օպերատիվ տեղեկությունն իրացվեց
Արաբկիրի քրեական հետախույզների հետ. Լոռու մարզի Լեջան գյուղում հայտնաբերվեց և քննչական բաժին ներկայացվեց 34-ամյա տղամարդը: Հետագա միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում 24-այմա երիտասարդը իրավապահ մարմիններին ներկայացավ ինքնակամ:
Այժմ տուժած երիտասարդի առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Իսկ նախաքննությունը շարունակվում է: