Կառավարությունը փոփոխություններ է առաջարկում երկակի նշանակության ապրանքների արտահանման ոլորտի օրենքներում, որով դյուրացնում են արդեն իսկ փորձաքննության ենթարկված և երկակի կամ ռազմական նշանակության չճանաչված ապրանքների մաքսային ձևակերպումների կարգը։
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը կոչ արեց տնտեսվարողներին՝ նայել ՊԵԿ կայքը, որտեղ հրապարակված են ցանկերը. «Որպեսզի այդ ապրանքատեսակների մասով լրացուցիչ ժամանակ ու ֆինանսական ռեսուրս ծախսելու կարիք չլինի, և անցնեն մաքսազերծման հաջորդ փուլերին»։
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն էլ նշել է, որ փորձաքննության ենթարկվող ապրանքների զգալի մասի դեպքում պարզվում է, որ դրանք ռազմական կամ երկակի նշանակության չեն, սակայն գործընթացը պետք է իրականացվի՝ մաքսային հայտարարագրումն իրականացնելու նպատակով։ Դա ենթադրում է ֆինանսական և վարչարարական ծախսեր։ 1 օրվա ընթացքում փորձաքննության իրականացման վճարը հավատարմագրված 2 ընկերությունները սահմանել են, համապատասխանաբար, 48․000 և 60․000 դրամ։ Ուստի այս նախագծով դյուրացնում են կարգը։