Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր հյուրընկալել է Կապսի ջրամբարի կառուցապատող՝ չինական «Շանսի Հայդրոլիք Քոնսթրաքշն Էնջինինիրինգ Բյուրո Գրուպ Կո» ընկերության հայաստանյան մասնաճյուղի գլխավոր տնօրեն Վանգ Ժուքյանգին և կապալառու կազմակերպության ներկայացուցիչ Լյաո Դայսոնգին։
Ողջունելով հյուրերին, մարզպետը հետաքրքրվել է ջրամբարի կառուցման աշխատանքների ընթացքով, դրանց տեմպերով և անելիքներով՝ ընդգծելով ջրամբարի շինարարության անհրաժեշտությունն ու դրա կարևորությունը․ «Համապետական նշանակություն ունեցող այս ծրագիրը հատկապես կարևոր է Շիրակի մարզի համար և մարզպետի աշխատակազմը լիազորությունների և հնարավորությունների սահմանում ձեր կողքին է, որպեսզի աշխատանքները չհապաղեն ու իրականացվեն որակի բոլոր պահանջներին համապատասխան»։
Վանգ Ժուքյանգը շնորհակալություն է հայտնել մարզպետին հոգատար վերաբերմունքի և ակտիվ համագործակցության համար՝ նշելով, որ նման վերաբերմունքն առավել պարտավորեցնում է և վստահություն ներշնչում խնդիրների դեպքում դիմելու մարզպետի աշխատակազմ․ «Պարոն մարզպետ, ուրախ եմ, որ մեր համագործակցությունն իրապես ստացվում է արդեն քանի անգամ հանդիպել ենք թե ձեզ մոտ, թե ջրամբարի տարածքում, մեզ համար կարևոր է հասկանալ, որ թե ՀՀ կառավարությունը, թե տեղում՝ Շիրակի մարզպետի աշխատակազմը, ջանք ու եռանդ չեն խնայում ծրագրի իրականացմանն աջակցելու համար։ Հավատացնում եմ՝ մենք անում ենք հնարավորը աշխատանքները ժամանակին ու որակով իրականացնելու համար, այդ նպատակով ներկրվել է բավական լուրջ տեխնիկա, մասնագիտական մեծ խումբ է ներգրավվել աշխատանքներում, նրանց մի մասն էլ օրերս կայցելեն Հայաստան»։
Վանգ Ժուքյանգը մարզպետին տեղեկացրել է, որ մինչև տարեվերջ բավական աշխատանքներ կիրականացվեն՝ հողային, հարթեցման, թունելի փորման և նոր հունի կառուցման։ Շինաշխատանքների իրականացման համար ներկրվել է շուրջ 5 տասնյակ մասնագիտացված խոշոր տեխնիկա, դրանց թիվն օրերս ավելացվելու է։ Պայմանավորվածություն է ձեռքբերվել առաջիկայում տեղում հանդիպելու և անելիքների շուրջ քննարկում ունենալու առումով։
Նշենք, որ Կապսի ջրամբարի կառուցման ծրագիրը ֆինանսավորվում է Վերակառուցման վարկերի բանկի (KfW) վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։ Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 95.2 մլն եվրո, այդ թվում վարկային միջոցներ՝ 68.5 մլն եվրո։ Նախատեսվում է կառուցել ընդհանուր 25 մլն մ3 ծավալով ջրամբար՝ հետագայում հասցնելով ջրամբարի առավելագույն ծավալը 60մլն մ3: Ջրամբարի 25մլն մ3 ծավալով կառուցման դեպքում կբարձրացվի Շիրակի մայր և Ախուրյանի աջափնյա ջրանցքների իշխման տակ գտնվող շուրջ 17 հազար հա հողատարածքների ջրապահովվածության մակարդակը, ինչպես նաև հնարավորություն կստեղծվի 2280 հա հողատարածքների մեխանիկական ոռոգումը փոխարինել ինքնահոս ոռոգման եղանակի՝ տարեկան խնայելով 1.3 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա։
Ջրամբարի 60մլն մ3 ծավալի դեպքում հնարավորություն կստեղծվի Շիրակի մարզի ոռոգելի հողատարածքներն ավելացնել ևս 920 հա-ով։ Ծրագիրն իրականացնում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը։