Հասարակություն

Նոր նախաձեռնությունները ուղղված կլինեն տեղահանված անձանց ձեռներեցության զարգացմանը

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանն ընդունել է Աշխատանքի միջազգային կազմակերպության պատվիրակությանը, որի կազմում էին ԱՄԿ Ֆորմալացման գործողությունների ծրագրի տնօրեն Ֆրեդերիկ Լապեյրը, Զբաղվածության հարցերով ավագ մասնագետ Կազուտոշի Չատանին և ԱՄԿ ազգային համակարգող Նունե Հովհաննիսյանը։

Հանդիպման ընթացքում հյուրերը ներկայացրել են ԱՄԿ-ի նոր նախաձեռնությունը, որի նպատակն է կանխել աշխատաշուկայի ոչ ֆորմալացումը՝ ապահովելով արժանապատիվ աշխատանքային պայմաններ և պաշտպանել աշխատողների իրավունքները: Բացի այդ, այն նպատակ ունի նաև ստեղծելու ավելի արտադրողական աշխատատեղեր և բարելավելու սոցիալական պաշտպանության ծածկույթը:

Կարևորելով ԱՄԿ-ի հետ համագործակցությունը՝ Սևակ Միքայելյանը առաջարկել է քննարկել նոր ծրագրային նախաձեռնություններ, որոնք ուղղված կլինեն տեղահանված անձանց ձեռներեցության կարողությունների զարգացմանն ու Հայաստանում իրենց կայուն և ֆորմալ զբաղվածության ապահովմանը։